ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծով ահազանգ էր ստացվել, որ Երեւանյան լճում կա մի քանի տասնյակ մետր երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը խոչընդոտում է թիավարության մարզաձեւով զբաղվող մարզիկներին` շատ դեպքերում վտանգելով նաեւ վերջիններիս կյանքը:
Նույն օրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում եւ Երեւանյան լճի կենտրոնական հատվածում հայտնաբերել որսագողության միջոց հանդիսացող մոտ 400 մետր երկարությամբ ձկնորսական ցանց:
ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ցանցն հեռացնելու համար համապատասխան լողամիջոցներ եւ օժանդակություն տրամադրելու խնդրանքով:
Սեպտեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները որսագողության միջոցները դուրս են բերել լճից: Տեղում առգրավվել է 30 հատ կարաս տեսակի կենդանի ձուկ, որը բաց է թողնվել լիճ: Փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կազմել է համապատասխան արձանագրություն եւ փոխանցել իրավապահ մարմիններին:





























