Բրուսելյան ինժեներական Enex ընկերությունը ղեկավարող, ոչ այդքան հայտնի բելգիացի գործարար Կուն Միննը պնդում է, որ նոյեմբերին իր ընկերութունը պայմանագիր կկնքի Թուրքմենստանի հետ` բնական գազի առաքման վերաբերյալ: Ըստ EUobserver.com-ի, այդ պայմանագիրը կարող է հարվածի տակ դնել ինչպես եվրոպական նախագիծ հանդիսացող «Նաբուկոն», այնպես էլ` ռուսական «Հարավային հոսքը»:

Գործարարի խոսքով, Enex եւ մի շարք եվրոպական էներգետիկ ընկերություններ, որոնց անունները դեռ գաղտնի են պահվում, պատրաստվում են վերջնական առաջարկն Աշխաբադին ներկայացնել նոյեմբերին:

 Enex-ի ղեկավարը տեղեկացված է Աշխաբադի մտադրությունների մասին: Նա կանոնավոր հեռախոսազրույցներ է ունենում Թուրքմենստանի վարչապետ Յագշիգելդի Կակաեւի եւ արտաքին գործերի նախարար Գուրբանգուլի Բերդիմուհամեդի հետ: Վերջին մեկ տարում նրա ընկերությունը երկիր է բերել 430 մլն. եվրո օտարերկրա ներդրումներ:

Նրա նախագծի համաձայն, յուրաքանչյուր տարի Կասպից ծովով Ադրբեջան է տեղափոխվելու 3- 4 մլրդ. խմ թուրքմենական գազ, որն այնուհետևեւգործող Բաքու-Թբիլիսի-էրզրում նավթատարով կհասնի Թուրքիա: Միննի կանխատեսումներով, գազամատակարարումը կսկսվի  2013- 2014 թվականներին:

Եթե գազատարը կառուցված լինի, ապա Աշխաբադը դժվար թե թույլ տա Եվրամիությանն ու Ռուսաստանին կառուցել նոր խողովակաշարեր Թուրքմենստանում:  «Բնականաբար, թուրքմենական կողմը չի ցանկանում, որ թուրքմենական գազը մրցակցի թուրքմենական գազի հետ… Չեմ կարծում, որ Թուրքմենստանը կհամաձայնի գազ մատակարարել «Հարավային հոսքին»  կամ Նաբուկոյին»,- կարծում է Միննը:

Նա նաեւ պնդում է, որ այս տարբերակը ձեռնտու կլինի նաեւ Ռուսաստանի համար: Ընդ որում, որոշ եվրոպացի դիվանագետներ կարծում են, որ Միննը ռուսական մարիոնետ է, որի նպատակն է տապալել «Նաբուկո» նախագիծը: Ինքը` Միննը, դա հերքում է:

Թարգմանությունը «ԻնոՍՄԻ»-ի