2016-ի 1-ին կիսամյակում Հայաստանը ավելի քան կրկնապատկել է տղամարդկանց հագուստի արտահանումը: Այս մասին են վկայում 2016-ի 1-ին կիսամյակի մասին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության տվյալները:
Դա տեղի է ունեցել ԵՄ-ից պատվերների աճի, նաեւ մեծամասամբ՝ ռուսական շուկա դուրս գալու շնորհիվ (առաջ այնտեղ վերնազգեստ չէր արտահանվում)
Եթե 2015-ի 1-ին կիսամյակում տղամարդկանց ու տղաների համար հագուստի (ոչ ձմեռային) արտահանումը կազմել էր 4.12 մլն դոլար, ապա 2016-ի 1-ին կիսամյակում՝ արդեն 9.58 մլն դոլար էր: Կանանց այդ նույն տեսակի հագուստի արտահանումը աճել է՝ 210 հազար դոլարից դառնալով միանգամից 4.7 մլն դոլարի:
Մասնավորապես Հայաստանը սկսել է հագուստ արտահանել Ռուսաստան: Եթե անցած տարի տաբատ, բլայզերներ ու պիջակներ Ռուսաստան առհասարակ չէին արտահանվում, ապա 2016-ի սկզբից՝ արտահանվել է միանգամից 3.7 մլն-ի տղամարդու ու 4.3 մլն-ի կանացի հագուստ:
Ավելացել է արտահանումը նաեւ Գերմանիա ու Իտալիա, որոնց պատվիրատուների համար աշխատում են տեղի կարի ֆաբրիկաները (իտալական կապիտալով կարի ֆաբրիկաներ՝ Վանաձոր ու Ամասիա քաղաքներում): Գերմանիա արտահանումն ավելացել է 3.3 մլն-ից 5.2 մլն դոլար, Իտալիա՝ մոտավորապես 520 հազարից 620 հազար:
Մի քիչ ավելացել է նաեւ տաք կանացի վերնազգեստի արտահանումը՝ 8 մլն-ից 9.2 մլն դոլար, ու նույն տեսակի տղամարդկանց հագուստինը (7.2 մլն դոլարից 8.8 մլն): Դրան նույնպես նպաստել է ռուսաստանյան շուկա դուրս գալը (3.4 ու 2.5 մլն դոլար համապատասխանաբար):





























