Հանքավանում 2015թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած եռակի սպանության գործով տուժող կողմը դժգոհ է նախաքննությունից, որն օրերս է ավարտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Գալստյաններ եղբայրների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արշակ Կարապետյանը։ 

«Ամբողջ ծավալով չէ, բայց մասնակիորեն դժգոհ ենք նախաքննությունից։ Կային քննչական գործողություններ, որ պետք է արվեին, բայց չեն արվել»,- ասաց փաստաբանը։

Արշակ Կարապետյանը նշեց, որ իրենք շարունակում են առաջ քաշել այն վարկածը, որ, հնարավոր է, Հայրապետ Սեփոյանը միայնակ չի եղել, սակայն դրա վերաբերյալ իրենց արած միջնորդությունները նախաքննական մարմինը մերժել է։

«Հստակ չենք կարող ասել՝ մենակ է եղել, թե ոչ։ Այդ հանգամանքը պարզելու համար միջնորդել էինք, որ անձինք հարցաքննվեն, սակայն չհարցաքննվեցին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։

Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանների, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչիս սկսվել է վեճը։ Սեփոյանների հարազատները պնդում են, որ որդին տեղեկացել է, որ հորը ծեծի են ենթարկել ու գնացել է հորը պաշտպանելու, ինչի ժամանակ էլ կրակելով սպանել է եղբայրներին եւ նրանց ընկերոջը։ Գալստյանները վստահեցնում են, որ ծեծ չի եղել։ Վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:

Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։