Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարված կեսարյան հատումից հետո մահացած 44-ամյա Նաիրա Աբգարյանի քույրը հորդորում է հասարակությանը տուրք չտալ այն հրապարակումներին, որոնց միջոցով հանգանակություն է կատարվում առանց մայրիկի մնացած զույգ տղաների խնամքի համար:

Մահացած ծննդկանի քույրը՝ Նառա Աբգարյանը, այս խնդրի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հորդորում եմ գումար չփոխանցել որեւէ հաշվեհամարի, որը հրապարակվում է բացառապես քրոջս մահը եւ այս երեխաների ծնունդը շահարկելու միջոցով գումարներ աշխատելու նպատակով: Ես ստիպված եմ գնում այս քայլին այն բանից հետո, երբ հասկացա, որ քրոջս ամուսնու հարազատները շարունակում են նման ամոթալի վարք դրսեւորել՝ վարկաբեկելով քրոջս եւ իմ ու Նաիրայի հարազատների բարի անունը:  

Ես ցավում եմ, որ քրոջս սկեսուրն ու ամուսնու քույրերը որոշել են նման ցածր քայլի գնալ ու Նաիրայի մահվան փաստն ու նորածինների ծնունդն օգտագործել այսպիսի ցածր նպատակի համար: Սրանց մասին Նաիրայի հարազատները տեղեկանում են բացառապես մամուլից: Շատ ավելի վրդովվեցուցիչ է այն, որ, չնայած իր եւ հազատների հորդորներին՝ անհապաղ դադարեցնել այս գործընթացը, սկեսուրն ու քույրերը ոչ միայն ձեռնպահ չեն մնում դրանցից, այլեւ սկսել են օգտագործել նաեւ իմ՝ Նառա Աբգարյանիս մասին իրենց հրապարակումներում, որտեղ հանրությունից գումար են խնդրում:

NEWS.am կայքում 11.08.2016թ. հրապարակված «Եթե բողոքեինք, հո Նաիրային հետ չէի՞նք բերելու... Մահացած կնոջ տալը՝ դեպքի մասին» վերտառությամբ հոդվածում նշված էր նաեւ իմ՝ երեխաների մորաքրոջ մասին, եւ ստացվում էր, որ իմ անունից նույնպես մարդկանց խնդրում էին օգնել գումարով՝ երկու տարի ժամկետով դայակ վարձելու համար:

Իսկ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, երբ ես ու հարեւանուհիս միասին գնացել էինք երեխաներին տեսակցության, մեզ արգելեցին ներս մտնել իրենց բնակարան՝ ասելով, որ այլեւս թույլ չեն տալու տեսակցել երեխաներին: Քաշքշոցներիցս ձեռքերիս կապտուկներ են մնացել: Ես հասկանում եմ, որ այս ամենն արվում է ի պատասխան իմ կողմից մամուլում հնչեցրած ահազանգի այն մասին, որ այս հանգանակությունները սոսկ լրացուցիչ (ու շատ) գումար վաստակելու միջոց են: 

Ես եւ ինձ հետ միասին Նաիրայի մյուս հարազատները, հորդորում ենք մեր՝ առանց այն էլ սուղ միջոցներով ապրող հանրությանը տուրք չտալ այս կոչերին եւ չմասնակցել երեխաներին պահելու, նրանց համար կեր կամ հագուստ գնելու պատրվակով իրականացվող ոչ մի տեսակի հանգանակության եւ գումարներ չփոխանցել հրապարակված հաշվի համարներին: Հավաստիացնում եմ, որ թե՛ ես եւ թե՛ Նաիրայի մյուս հարազատները պատրաստակամ եւ ի վիճակի ենք հոգ տանելու մեր փոքրիկների մասին եւ լրացուցիչ միջոցների կամ դայակի կարիք չունենք»:

Նշենք, որ Նաիրա Աբգարյանի ամուսնու ընտանիքը հաշվեհամար է բացել եւ գումար է հավաքում զույգերին մեծացնելու համար: