Չի կարելի բացառել, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններից հետո լարվածության աստիճանի աճ կլինի սահմանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Սեպտեմբերի 26-ի հանրաքվեից հետո (որով կառաջարկվի ընդլայնել նախագահի լիազոությունները), շատ բան կախված կլինի նրանից, թե հիմա Ադրբեջանն ինչպես կգնահատի Հայաստանի հետ ուժերի հարաբերակցությունը, եւ կհամարի՞, որ ինքը առավելություն ունի:

«Եթե բանակցային գործընթացը շարունակվի, պետք է մտածել՝ ինչպես փոխել եթե ոչ Մադրիդյան սկզբունքների ձեւը, ապա գոնե տրամաբանությունը, որովհետեւ դրանք ինչ-որ կերպ ապահովում էին ստատուս քվոն, բայց հակամարտության արմատական լուծում չէին առաջարկում»,-հավելել է Մինասյանը:

«Կարծում եմ՝ հենց այդ մասին է իր վերջին հարցազրույցում խոսել Ռոբերտ Քոչարյանը՝ օգտագործելով ձեւակերպումներ, որոնք իրեն ներկայացնում են շահավետ լույսի ներքո»,-ընդգծել է քաղաքագետը: