Հունվար-հուլիսին Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 2.2 մլրդ դրամով (կամ 0.3%-ով): Ընդ որում, եկամտի հիմնական աղբյուրի՝ հարկերի եւ տուրքերի մասով, 9.7 մլն դրամի (1.6%) աճ է արձանագրվել:

Ստացվում է, որ պետբյուջեի եկամուտներում հետընթացը կապված է միայն «այլ եկամուտների» եւ պաշտոնական տրանսֆերների կտրուկ կրճատման հետ, համապատասխանաբար, 10.8 մլրդ (27.7%) եւ գրեթե 1.2 մլրդ դրամի չափով (32.0%): Սակայն պատկերը փոքր-ինչ կփոխվի, եթե դիտարկենք հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա՝ հուլիսի տվյալները:

Ֆինանսների նախարարության տեղեկություններով՝ հուլիսին պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 1.4 մլրդ դրամով (1.6%): Դա հանգեցրեց «այլ եկամուտներից» եւ պաշտոնական տրանսֆերներից անկման հետեւանքների խորացմանը: Արդյունքում, պետբյուջեի եկամուտների ոլորտում ընդհանուր վնասը հուլիսին կազմել է 6.8 մլրդ դրամ:

Խնդիրները պահպանվում են Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մասով: Հուլիսին նշված հարկի մասով անկումը գերազանցել է 4.2 մլրդ դրամի շեմը: ԱԱՀ-ն համարվում է «ամենապարզ եւ արդյունավետ» հարկատեսակը, հատկապես՝ «զարգացող» երկրների համար, որոնց շարքին է դասվում նաեւ մեր երկիրը:

Տարիներ շարունակ ԱԱՀ-ն կայուն կերպով ապահովել է Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների առյուծի բաժինը: Եվ ահա անցյալ տարվանից (որը նշանավորվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ) դրա հավաքագրման գործում խնդիրներ առաջացան: Պատճառները բազմաթիվ են: Օրինակ՝ հարկային եկամուտներում կարեւոր աղբյուրներից մեկը՝ թեթեւ մարդատար մեքենաների ներկրումը, մի քանի անգամ նվազել է: Այդ գործընթացը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում:

Ի դեպ, եթե ֆիզիկական անձինք ԵՏՄ այլ երկրներից մեքենա են ներկրում ո՛չ կոմերցիոն նպատակներով, ապա ազատվում են ԱԱՀ-ի վճարումից: Սակայն Հայաստան մեքենաների գերակշիռ մասը ներկրվում է երրորդ երկրներից, որոնց պարագայում նման արտոնություններ չկան: Այսինքն՝ այստեղ բացասական դեր է խաղացել հենց ներկրվող ավտոմեքենաների թվի կրճատումը:

Հուլիսին տնտեսության մի շարք ոլորտներում հարկային դաշտի կրճատումները շարունակվել են: Այսպես. ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառությունը նվազել է 10.1 մլրդ դրամով (կամ 8.6%-ով), հեռահաղորդակցական ընկերությունների շրջանառությունը՝ 1.9 մլրդ դրամով (12.8%-ով) եւ այլն: Այս գործընթացները հիմնականում կապված են մեր հասարակության մի հատվածի գնողունակության անկման, ինչպես նաեւ արտագաղթի հետ:

Սմբատ Գրիգորյան