Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է փոխել քաղաքական կուրսը, երբ ՔՍՄ գործընկեր Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտվել է Մեկլեմբուրգ դաշնային հողերի՝ Առաջնային Պոմերանիա, խորհրդարանի ընտրություններում, փոխանցում է DW-ն:

Սրբագրման կարիք ունեցող կարեւորագույն հարցերի թվում նա նշել է հարկերը, ներքին անվտանգությունը, թոշակները եւ միգրացիան: Նա պահանջել է 2016-ի հոկտեմբերից ոչ ուշ հստակություն մտցնել առավել սուր թեմաներում:

Որպես Մերկելի դաշնակից, Զեեհոֆերը հայտարարել է, որ ՔԴՄ/ՔՍՄ ապագան սպառնալիքի տակ է: Բավարիայի վարչապետի կարծիքով՝ մարդիկ «մերժում են Բեռլինի քաղաքականությունը» եւ ցանկանում են, որ իշխանություններն իրենց լրջորեն ընդունեն: Նրա կարծիքով՝ երկիրը պառակտվել է, իսկ իշխանության հանդեպ վստահությունը «սրընթաց անհետանում է»:

Դրա հետ մեկտեղ, Զեեհոֆերը պնդում է, որ Մերկելը ներքին քաղաքականության վրա կենտրոնանա: Նա նշել է, թե խոսքն այն մասին է, որ մարդկանց ներկայացվի կառավարական կուրսի հստակ պատկերը: Հանուն դրա Զեեհոֆերը մտադիր է մի քանի ամսով հետաձգել հոկտեմբերին նախատեսված իր այցը Ռուսաստան եւ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: