Դյուսելդորֆի բարձրագույն դաշնային դատարանում սեպտեմբերի 6-ին սկսվել է հայտնի սալաֆական-քարոզիչ Սվեն Լաուի դատավարությունը: DW-ի փոխանցմամբ՝ նրան կասկածում են սիրիական ահաբեկչական խմբավորումներից մեկին աջակցելու մեջ, որը հետագայում «Իսլամական պետությանը» հավատարմության երդում է տվել:

Ենթադրաբար, Լաուն նաեւ ակտիվորեն աշխատել է նրանց հետ, ովքեր ցանկացել են Գերմանիայից հեռանալ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու համար: Բացի այդ, քննության տվյալներով, քարոզչին կասկածում են առնվազն 4 կետով ապօրինի գործողությունների իրականացման մեջ: Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ մասնավորապես Ռեյնի մարզում նա է կազմակերպել ահաբեկչական խմբավորման հավաքակայանի աշխատանքը, հավաքագրել է երկու ջիհադականի, նաեւ խմբավորմանը կազմակերպական եւ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել:

Դյուսելդորֆի բարձրագույն դաշնային դատարանում չեն բացառել, որ Լաուն ինքն էլ կարող է որպես ահաբեկիչ դատապարտվել:

Գերմանացի Սվեն Լաուն իսլամ ընդունելուց հետո Աբու Ադամ անունն է վերցրել: Նա Գերմանիայի իրավապահ մարմինների ուշադրության կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ մասնակցել է «շարիաթի ոստիկանության» կազմավորմանը: 2014 թվականին մեկ տասնյակից ավելի սալաֆիտ երիտասարդներ նարնջագույն ժիլետներ հագած դուրս են եկել Վուպերտալի փողոցներ՝ թուրքական դիսկոտեկների, սրճարաների եւ խաղասրահների առջեւ կանգնեցնելով երիտասարդներին եւ կոչ անելով հրաժարվել ալկոհոլից եւ մոլեխաղերից: