Սյունիքի մարզի Տավրուս գյուղի դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցի ունի՝ 6-ամյա Լեւոնը:

Լեւոնը դպրոցի 6 սաներից մեկն է: Տավրուսի դպրոցի մյուս 5 աշակերտներից երկուսն էլ Լեւոնի քույրն ու եղբայրն են:

Տավրուս գյուղում տարեցտարի պակասում է երիտասարդ ընտանիքների թիվը:

«Ապրուստը դժվար է էստեղ, մարդիկ գնում են: Ուզում են, որ իրենց երեխեքն ավելի լավ դպրոց գնան, լավ կյանք տեսնեն: Էստեղ պետությունից ուշադրություն չկա, ճանապարհները վատն են, կոմունիկացիայից զրկված են մարդիկ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանը:

Գյուղը 34 բնակիչ ունի: Ժամանակին այստեղ 34 ընտանիք է ապրել, բնակիչների թիվն էլ կրկնակի է եղել: