Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան հայտնել է, որ իր երկիրը դատի կտա Բուդապեշտին, եթե Հունգարիան հրաժարվի հետ ընդունել փախստականներին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ավստրիայի ներքին գործերի նախարարի խոսքով, հարյուր հազարավոր միգրանտներ Հարավային Եվրոպայի երկրներով եկել են Ավստրիա, Գերմանիա կամ Շվեդիա` խախտելով Դուբլինյան համաձայնագիրը: «Այդ կանոնները խախտող պետության կամ երկրների խմբի համար պետք է իրավական հետեւանքներ լինեն», — հայտնել է Սոբոտկան:
Դուբլինյան համաձայնագրերին համապատասխան, Եվրոպայում գտնվող փախստականները, որոնք քաղաքական ապաստան են խնդրում, արտաքսվում են Եվրամիության այն երկիր, որի սահմանով են հայտնվել ԵՄ-ի տարածքում եւ արդեն այդ երկիրն է զբաղվում նրանց գործերի քննմամբ:
Սակայն Եվրամիության մի շարք երկրներ հրաժարվում են ենթարկվել այդ կանոններին: Հոկտեմբերի 2-ին Հունգարիայում հանրաքվե տեղի կունենա: Երկրի բնակիչներին մեկ հարց կտան. «Համաձայն եք արդյոք, որ Եվրամիությունն իրավունք ստանա Հունգարիայի տարածքում հունգարական քաղաքացիություն չունեցող անձանց կեցության համար պարտադիր քվոտաներ մտցնել, առանց հունգարական խորհրդարանի համաձայնության»:
Հունգարիան, ինչպես նաեւ ԵՄ-ի մի շարք երկրներ, ակտիվորեն հանդես է գալիս Եվրոպական Միության երկրներում միգրանտների բաշխման քվոտաների համակարգի դեմ: Այս տարվա ապրիլի 14-ին Լեհաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Կոնրադ Շիմանսկին Բրյուսելի` անցյալ տարվա աշնանը համաձայնեցված` ԵՄ եկած միգրանտների բաշխման պլանը «մեռելածին» է կոչել: Նա նաեւ հավելել է, որ գաղափարն իրեն սպառել է եւ չի իրագործվի եվրոպական երկրների մեծամասնության կողմից:





























