«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ եւ կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի եւ համերաշխության ցույցեր։

Շարժման մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժումը  վերստին հաստատում է իր աջակցությունը Սասնա Ծռերին եւ իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին:

«Ցույցերի պահանջները հետեւյալն են՝

1. Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների եւ համախոհների նկատմամբ։

2. Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի եւ Հայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախի կարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային եւ թե ներքին քարոզչական, եւ  քայլեր ձեռնարկել Արցախի եւ ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ:

3. Պահանջում ենք Սերժ Սարգսյանի եւ ողջ իշխանությունների հրաժարականը։  Դեռեւս ազատության մեջ մնացած եւ պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման եւ դրան հետեւող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։

4. Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը:

Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետեւյալ 10 քաղաքներն ընդգրկված են՝

ԱՄՆ - Լոս Անջելես

ԱՄՆ - Նյու Յորք

ԱՄՆ - Բոստոն

ԱՄՆ - Բոյսի (Այդահոյի նահանգ)

Ֆրանսիա - Փարիզ

Ֆրանսիա - Լիոն

Գերմանիա - Քյոլն

Իսպանիա - Բարսելոնա

Իտալիա - Ֆլորենսիա

Ռուսաստան – Մոսկվա

Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ եւ սատարել Սասնա Ծռերի սկսած շարժումը: Հետադարձ կապի եւ համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետեւյալ էջից»,-ասված է հաղորդագրության մեջ: