Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Չինաստանի հետ հարաբերություններում Հարավչինական ծովում տարածքային վեճի եւ այդ կապակցությամբ Հաագայի միջազգային դատարանի վճռի հարցում «փափուկ վայրէջք» է փնտրում։ Այս մասին Վիետնամում կայացած մամուլի ասուլիսին ասել է նախագահի մամուլի խոսնակ Էրնի Աբելլան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Անդրադառնալով լրագրողների հարցին այն մասին, թե երկու երկրներն ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու Չինաստանի կողմից Հաագայի միջազգային արբիտրաժի որոշումը չընդունելու հետեւանքով ծագած ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ, մամուլի խոսնակն ասել է. «Նախագահը դեռ դադար է վերցրել։ Նա «փափուկ վայրէջք» է փնտրում Չինաստանի հետ հարաբերություններում։ Չինական կողմի հետ այդ թեմայով հանդիպումներ են կայանում»,– ասել է նա։
Ֆիլիպինների պատվիրակությունը նախագահ Դուտերտեի ղեկավարությամբ մասնակցում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի եւ Արեւելաասիական գագաթնաժողովին, որոնք ընթանում են Լաոսի մայրաքաղաքում։





























