Տնտեսապես խոշորագույն տերությունների առաջնորդների գագաթնաժողովի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան միջոցառման հետնաբեմում: Հանչժոուում տնտեսության փոխարեն առավելապես քաղաքականություն էին քննարկում, հայտնում է DW-ն:  

Երկուշաբթի` սեպտեմբերի 5-ին չինական Հանչժոու քաղաքում ավարտվեց «մեծ քսանի» երկօրյա գագաթնաժողովը: Չնայած տնտեսապես քսան ամենաազդեցիկ տերությունների ղեկավարների հանդիպման թեման ձեւական առումով միջազգային ֆինանսական համակարգն էր, գլխավոր իրադարձությունները ծավալվեցին միջոցառման հետնաբեմում եւ կապված չէին տնտեսության հետ:  Երկրների առաջնորդները գագաթնաժողովի հետնաբեմում խորհրդակցում էին աշխարհում քաղաքական ճգնաժամերի լուծման մասին:   Սակայն այդ ոչ պաշտոնական հանդիպումները եւս, հիմնականում, կոնկրետ արդյունքներ չտվեցին: 

Արդյունքում գագաթնաժողովի գրեթե ամենաքննարկվող իրադարձությունները դարձան տարբեր սխալմունքներ, ինչպես օրինակ` ամերիկյան նախագահ Օբամայի ինքնաթիռի չբարձրացված օդանավասանդուղքը, Պուտինի կողմից չինական առաջնորդին նվիրված պաղպաղակը կամ այն, թե բրիտանական վարչապետ Թերեզա Մեյն ինչպես է մոռացել ձեռքը մեկնել ռուսաստանյան նախագահին իրենց առաջին անձնական հանդիպման ընթացքում: 

Վաշինգտոնը եւ Պեկինը պատրաստ են բարելավել կլիման

Հանչժոուում ամենաառարկայական արդյունքը ներկայացվել է դեռեւս մինչեւ միջոցառման բացումը: Գագաթնաժողով հասնելուն պես Սի Ցզինպինը եւ Բարաք Օբաման հայտարարեցին Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրի վավերացման մասին:  Չինաստանը եւ ԱՄՆ-ն գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող ջերմոցային գազեր արտանետող երկու խոշորագույն երկիրն են: Երկու երկրին բաժին է ընկնում բոլոր արտանետումների մոտ  40 տոկոսը: Փարիզյան համաձայնագիրը սահմանում է պետությունների պարտավորությունները արտանետումների նվազման ուղղությամբ: Այն ուժի մեջ կմտնի, երբ հավանության արժանանա համաշխարհային արտանետումների 55 տոկոսի համար պատասխանատու առնվազն 55 երկրի կողմից:

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն քննարկել են Սիրիան եւ Ուկրաինան

Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման երկուշաբթի հանդիպում են ունեցել` քննարկելով Սիրիայում եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունների կարգավորման ուղիները:  Երկու նախագահի հանդիպումը մոտ մեկ ու կես ժամ է տեւել, բայց առաջընթաց չի արձանագրել: Սիրիայի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացրել նաեւ ռուսաստանյան արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, որոնք հասցրել են նույնիսկ զրուցել գագաթնաժողովի ընթացքում: Իմիջիայլոց, նրանց բանակցությունները եւս անարդյունք են ավարտվել: 

Մերկելը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հանդիպել է Էրդողանին

Հանչժոու քաղաքում գագաթնաժողովի բացումից կարճ ժամանակ առաջ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը ոչ պաշտոնական  հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ: Դա նրանց առաջին հանդիպումն էր Անկարայի եւ եվրոպական առաջնորդների խոսքակռիվներից հետո, որոնց առիթը Թուրքիայում ձախողված պետական հեղաշրջումից հետո զանգվածային ձերբակալությունների ալիքն էր: Նրանք քննարկել են երկու երկրի փոխհարաբերությունները, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների վերաբերյալ համաձայնագրի հետագա կատարումը եւ Թուրքիայում շարունակվող հակամարտությունը: ԳԴՀ-ի կառավարության մամուլի քարտուղարի խոսքով, բանակցություններն արդյունավետ են անցել, բայց ոչ ավելի:   

Պուտինի զրույցները

Վլադիմիր Պուտինը ջանացել է հնարավորինս շատ երկկողմ հանդիպումներ ունենալ:  Անգելա Մերկելի հետ նա «առավելագույնս կոնկրետ» քննարկել է մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը, Սիրիայում պատերազմը եւ սիրիական Հալեպում հումանիտար իրավիճակը, հայտնել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:   

Պուտինը զրուցել է նաեւ Ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, ինչից հետո հայտնել է հոկտեմբերին Փարիզում «նորմանդական քառյակի» հանդիպում անցկացնելու մասին, որի ընթացքում դարձյալ կքննարկվի մինսկյան համաձայնագրերի իրականացումը:  Իսկ Էրդողանի հետ Ռուսաստանի նախագահի զրույցի ընթացքում անդրադարձ է եղել թուրքական արտադրանքի նկատմամբ Մոսկվայի մթերային էմբարգոյի վերացմանը: Բացի այդ, կողմերը մոտեցել են ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: 

Եվ մի քիչ տնտեսություն

Գագաթնաժողովին այնուամենայնիվ անդրադարձել են նաեւ պրոֆիլային թեմային` տնտեսությանը: «Քսանի» երկրները խոստացել են մինչեւ տարվա վերջ վավերացնել միջազգային առեւտրի պրոցեդուրաների պարզեցման վերաբերյալ համաձայնագիրը, աջակցել են Համաշխարհային բանկի քվոտաների ռեֆորմին եւ յուանը ԱՄՀ-ի պահուստային արժույթների թվում ներառելուն:   

Վերջապես, հաղորդագրության արդյունքում համաձայնեցվել են կառուցվածքային բարեփոխումների ինը հիմնական ուղղությունները.  առեւտրի եւ ներդրումների բացությանն աջակցություն,   աշխատանքի շուկայի բարեփոխումների առաջմղում,  կրթության մակարդակի բարձրացում եւ մասնագիտական հմտությունների կատարելագործում, աջակցություն նորարարությանը, ենթակառուցվածքների կատարելագործում, մրցակցության խրախուսում եւ բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւավորում,   ֆինանսական համակարգի կատարելագործում եւ ամրապնդում, աջակցություն հարկային բարեփոխումներին, էկոլոգիական կայունության մակարդակի բարձրացում, աջակցություն աճի ներառականությանը: