Տեղատարափ անձրեւները եւ փոթորկուն քամիները Հունաստանի արեւմուտքում ջրհեղեղի պատճառ են դարձել, Պելոպոնեսում երեք մարդ է զոհվել, հայտնում է Skai հեռուստաալիքը:

Վերջին օրերին Հունաստանի շատ շրջաններում է եղանակը վատացել, բայց տարերքը հիմնականում հարվածել է արեւմտյան եւ հյուսիսային շրջաններին: Պելոպոնեսի Կալամատա շրջանում մի քանի գյուղ ջրածածկ է եղել: Պիդիմա գյուղակի իր տան մեջ հաշմանդամ կին է մահացել. նա չի կարողացել զանգահարել հրշեջներին՝ իրեն տարհանելու համար: Դրանից զատ, հաղորդվում է եւս երկու մարդու մահվան մասին:

Տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ ջուրը երկու մետր բարձրացել է: Յոթ գյուղեր եւ ուսանողական ավանը, որտեղ 80 երեխա կա, դեռեւս շրջափակված են, սակայն նրանց ոչ մի վտանգ չի սպառնում:

Տորնադոն պատուհասել է Պելոպոնեսի արեւմտյան ափին գտնվող  Կատակոլո քաղաքը եւ Զակինտոս ու Կեֆալոնիա կղզիները: