Մոտ 90 պաշտոնաթող գեներալ եւ ծովակալ բաց նամակ է գրել` աջակցելու Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Այն հրապարակել է The New York Times թերթը:
88 բարձրաստիճան զինվորականների դիմումում ասված է, որ նրանք հոգնել են ռազմական ղեկավարության գործողություններից եւ ազգային անվտանգության ապահովմանը մոտեցման փոփոխման անհրաժեշտություն են տեսնում, ինչը կարող է տեղի ունենալ միայն այնպիսի մարդու ղեկավարությամբ, որը կապ չունի գործող ռեժիմի հետ:
«Անցած ութ տարվա ընթացքում ԱՄՆ-ի ուժերը բյուջեի կրճատումների, քաղաքական որոշումների եւ մարտական գործողությունների ամբողջ շարքի են ենթարկվել, որոնք եղել են վատ մտածված եւ հյուծիչ եւ մեր սքանչելի զինվորականներին պակաս ունակ են դարձրել` կատարելու կենսական կարեւորություն ունեցող առաջադրանքներ», — նշված է հայտարարության մեջ:
Պաշտոնաթող զինվորականներն աջակցություն են հայտնել Թրամփին եւ նրա «զինված ուժերը վերականգնելուն, սահմաններն անվտանգ դարձնելուն, իսլամ ազգամոլների թվին պատկանող թշնամիներին հաղթելուն եւ երկրի ներսում օրենքն ու կարգը վերականգնելուն նվիրվածությանը», հայտնում է Gazeta-ն:



























