Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ֆրանսիայի Կալե քաղաքում պատ կառուցելու մասին՝ ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Խոսքը Լա Մանշի նավահանգիստ տանող մայրուղու մի հատվածի մասին է, որով կատարվում է Ֆրանսիայի եւ Բրիտանիայի հաղորդակցության գերակշիռ մասը: Պատն անհրաժեշտ է՝ Կալեում տեղակայված ճամբարից (որը «ջունգլի» են անվանում) Միացյալ Թագավորություն տեղափոխվելու ներգաղթյալների փորձերը կանխելու համար:
Հաղորդվում է, որ պատի բարձրությունը կկազմի 5 մետր, երկարությունը՝ մոտ 1 կմ: Նախագիծը բրիտանացի հարկատուներին 2 մլն ֆունտ ստերլինգ կարժենա: Պատի շինարարությունը պետք է ավարտվի 2016 թվականի վերջին:
Նշվում է, որ նախագիծը շատերն են քննադատում, որոնք դա միջոցների անիմաստ վատնում են համարում: Այսպես՝ Ավտոբեռնափոխադրումների բրիտանական միության ներկայացուցիչ Քեյթ Գիբսը ենթադրում է, որ պատի կառուցումը խնդիրը չի լուծի, քանի որ անհրաժեշտ է անվտանգության միջոցառումներն ուժեղացնել ստորգետնյա բոլոր ճանապարհներին, այլ ոչ թե միայն մայրուղու այդ հատվածում:





























