Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել լայնածավալ պեղումներ իրականացնել հնագույն Եփեսոսի տարածքում, որտեղ կառուցված է եղել Արտեմիսի հայտնի տաճարը` աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, բայց առայժմ չեն հայտնել դրա պատճառները, տեղեկացնում է  Science ամսագրի լրատվական ծառայությունը:

«Այս որոշումը հսկայական ցնցում դարձավ մեզ բոլորիս համար: Մենք անիծյալների նման աշխատում էինք այդ երեք օրը, որ տվել էին մեզ տարհանման համար` փորձելով ավարտել բոլոր սկսված աշխատանքները: Այժմ մենք անհանգստացած ենք, թե բնությունն ինչ վնաս կարող է հասցնել հուշարձաններինմ երբ մենք հեռանանք պեղումների վայրից», — հայտնել է Վիեննայում Ավստրիայի Հնագիտական ինստիտուտի աշխատակից Սաբինա Լանդշթեթերը: 

Science-ը հայտնում է, որ այս հանգստյան օրերին Թուրքիայի կառավարությունն անսպասելիորեն հայտնել է Եփեսոսի տարածքում պեղումների ժամանակից շուտ ավարտի մասին: Այդ մասին հայտնել է հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը, ինչը, ամսագրի կարծիքով, մատնանշում է, որ որոշումն ընդունվել է քաղաքական դրդապատճառներից ելնելով: 

Եփեսոսի պեղումները, որոնց գրեթե երկու հարյուր հնագետ էր մասնակցում, իրականացվում էին Ավստրիայի Հնագիտական ինստիտուտի հովանավորությամբ, որի հետ Թուրքիայի հարաբերությունները նկատելիորեն վատացել էին այս տարվա օգոստոսին, երբ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը հայտնել էր, որ «Թուրքիան տեղ չունի Եվրոպական Միությունում»: Անկարան Վիեննայից հետ է կանչել դեսպանին եւ, ամենայն հավանականությամբ, նույն պատճառներով որոշել է դադարեցնել պեղումները: 

Եփեսոսը ամենահին հունական գաղթօջախներից է, որոնք հիմնադրվել էին Էլլադայից եկած միգրանտների կողմից Փոքր Ասիայի ափերին մ.թ.ա. 11-րդ դարում: Եփեսոսը չի հասել մինչեւ մեր օրերը. այն ավերել են բնության ուժերը` հզորագույն երկրաշարժի տեսքով, որը գրեթե ոչնչացրել է քաղաքը մ.թ.  600-ականների սկզբին, իսկ արաբների արշավանքներն այն զրկել են իր հարստությունից: Եփեսոսի տարածքում պեղումները սկսվել են միայն 20-րդ դարի սկզբին, բայց հնագետները միայն այժմ են սկսել բացահայտել քաղաքի ամբողջ ճարտարապետական փառահեղությունը: