Հայաստանից ուսանողուհի Նարինե Հակոբյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Սալոնիկում նոր հունարեն լեզվի Համաշխարհային օլիմպիադայում: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Հունական ՀԿ-ների միության ղեկավար Արկադի Խիտարովը:   

Օլիմպիադայի ավարտական փուլն ընթացել է սեպտեմբերի սկզբին` Սալոնիկում Արիստոտելի համալսարանում: Հակոբյանը հաղթողին զիջել է ընդամենը   1 միավորով, ինչը նշանակում է, որ նա Հունաստանի լեզվի եւ մշակույթի բարձրագույն մակարդակի գիտելիքներ է ցուցադրել, հավելել է Խիտարովը: 

Հակոբյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի հունական բանասիրության ֆակուլտետում եւ ապագայում ցանկանում է Հունաստանում ասպիրանտուրա ընդունվել: 

1-ին եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են Ուկրաինայից ուսանողներ Աննա Վիննիկը եւ Վալենտինա Օլեյնիկը: 

Օլիմպիադան ընթացել է  Իվան Սավվիդիի հիմնադրամի աջակցությամբ  (հունական ծագմամբ ռուսաստանցի խոշոր ձեռնարկատիրոջ): Դրան մասնակցել են ուսանողներ արտասահմանից, ընդ որում` ոչ միայն հույներ, այլեւ այլ ազգությունների հելենոֆիլներ: