Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) գործունեությունը անհնարին է ներկայացնել մի քանի բառով: Հիմնադրամը, հանդիսանալով տարածաշրջանում գործող ամենամեծ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից եւ ՏՏ զարգացման գործակալություններից մեկը, ընդգրկում է գործունեության բազմազան ոլորտներ, իսկ արդեն գրանցված արդյունքները որոշիչ են Հայաստանը տարածաշրջանում ՏՏ հզոր կենտրոն դարձնելու գործում: ՁԻՀ-ի գործունեության թերեւս ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի մարզերում Տեխնոլոգիական կենտրոնների հիմնումն է, ինչը թույլ է տալիս հավասարաչափ զարգացնել ՏՏ ոլորտը երկրում՝ ողջ ռեսուրսները չկենտրոնացնելով միայն Երեւանում: Այս ամենի մասին NEWS.am–ի թղթակիցը զրուցել է ՁԻՀ–ի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանի հետ։

Տեխնոկենտրոններում առօրյան կարծես ակտիվությամբ չի զիջում երեւանյանին:  Ներկայացրեք, խնդրում եմ, կենտրոնների ծրագրերը, ձեռքբերումները եւ ապագա ձեռնարկները

Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ, իսկ այժմ նաեւ ինժեներական ոլորտի պետական կարեւորության խոշոր ծրագրերը իրականացվում են հիմնականում  ՁԻՀ-ի կողմից: Եվ դա ամենեւին էլ պատահական չէ: Կազմակերպությունը հիմնադրվել է Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում եւ համարվում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այսօր ՁԻՀ-ն իր փորձառությունը ներդնում է արտերկրում, այսինքն՝ ՁԻՀ-ի գործունեությունը համարվում է միջազգային մակարդակով հաջողված փորձ: Այսպիսով, տեխնոկենտրոնների հիմնումը վստահվեց հիմնադրամին, նախագծվեցին եւ կառուցվեցին կենտրոններ Վանաձորում եւ Գյումրիում:  Առաջին կենտրոնը հիմնվեց Հայաստանի ամենառիսկային գոտում՝ Գյումրիում, եւ դա խորհրդանշական էր, քանի որ քաղաքին արդեն սերտաճած «աղետի գոտի» դեպրեսիվ պիտակավորմանը եկավ փոխարինելու լավատեսություն եւ ապագայի հանդեպ մեծ ու լուսավոր հույսեր ներշնչող տեխնոքաղաքի իմիջը: Առհասարակ, տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են ՏՏ ոլորտի զարգացմամբ, այլ նաեւ կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ եւ աշխարհայացք եւ որ ամենակարեւորն է, իրենց շուրջ ձեւավորում են երիտասարդության համար գրավիչ եւ ուրույն միջավայր: Կենտրոնները կատարում են ուղղորդիչ դեր, նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը, աջակցում են տաղանդավոր երիտասարդներին եւ ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ՝ խրախուսելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Ամեն տարի կենտրոններում պատրաստվում եւ իրենց մասնագիտական հմտություններն են զարգացնում շուրջ 1000 երիտասարդներ եւ ՏՏ-ով հետաքրքված անձիք: Ծրագրեր են իրականցվում նաեւ աշակերտերի համար: Օրինակ` ներկայումս 2 կենտրոններում էլ ընթանում են ամառային դպրոցներ, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, ըստ այդմ, ոչ միայն  արդյունավետ են անցկացնում ամառը, այլեւ ակամա ուղղորդվում են, թե հետագայում ինչ մասնագիտություն ընտրեն:

Այսօր, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործունեություն են ծավալում տեղական ու արտասահմանյան շուրջ 25 կազմակերպություններ եւ կենտրոնի տարածքը ծայրեծայր զբաղված է:

ՁԻՀ-ը իրականացնում է նաեւ կրթական ակտիվ ծրագրեր:  Տարբեր ԲՈՒՀ-երում արդեն գոյություն ունեն հայտնի ընկերությունների հետ համատեղ հիմնված ինովացիոն կենտրոններ: Ինչպիսի՞ գործունեություն են նրանք իրականացնում:

ՁԻՀ -ը ստանձնել է նաեւ  երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, շուկայի համար մրցունակ կադրերի վերապատրաստման գործառույթը՝ ՝ ստեղծելով մի շարք ուսումնական, ինովացիոն կենտրոններ: Այդ կոնտեքստում պետք նշել արդեն իսկ կայացած, ԵՊՀ-ում գործող հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը եւ ANEL –ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ), որը լիարժեք ընդգրկված է համալսարանի կրթական գործընթացում, որպես պրակտիկ փորձարկումների ու հետազոտական աշխատանքների ժամանակակից հարթակ: Սեպտեմբերին կրկին ԵՊՀ տարածքում պաշտոնապես կբացվի նաեւ IBM նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը: Վերազգային կազմակերպությունների հետ համատեղ ստեղծվող համանման կենտրոնները, հատկապես տեղակայված լինելով բուհական միջավայրերում, մի այլ որակի նորարարական մշակույթ են ներմուծում Հայաստան:

Հաջորդ կարեւոր գործառույթը, որն իրականացնում են կենտրոնները, սկսնակ թիմերի եւ ընկերությունների աջակցությունն է ու ակսելերացիոն ծրագրերը, սկսած համատեղ օգտագործման տարածքների տրամադրումից մինչեւ տարբեր չափի ֆինասական օգնություն եւ խորհրդատվություն՝ զանազան ուղղություններով: Մենք աջակցում եւ սովորեցնում ենք, թե ինչպես մտնել շուկա, հասկանալ որն է ճիշտ պահանջարկը, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան սկսնակ բիզնեսներ, դառնալ ներդրողների համար գրավիչ: Մասնավորապես՝ վերջին տարում ՁԻՀ-ի կողմից իրականացվեց համաֆինասավորվող դրամաշնորհային խոշորագույն ծրագիր՝ Համաշխարհային Բանկի հետ համատեղ: Ընդ որում, այդ համաֆինասավորվող ծրագիրը Վանաձորի եւ Գյումրիի համար նախատեսում է շատ ավելի նպաստավոր պայմաններ եւ ընդգրկուն աջակցություն, քան Երեւանում:

Այս համակողմանի ծրագրերի արդյունքում ստեղծվել են մի շարք նորաստեղծ կազմակերպություններ եւ ներգրավվել են մեծաթիվ ներդրումներ:

Դրամաշնորհը ստանալուց հետո հետեւու՞մ եք արդյոք այդ ստարտափերի գործունեությանը: Ինչպիսի՞ ստարտափերի հետ եք աշխատել եւ որտե՞ղ են հիմա նրանք:

Ինչպես նշեցի արդեն, մենք միասին ենք աշխատում նրանց կայացման բոլոր փուլերում: Նույնիսկ դրամաշնորհը ստանալուց հետո մենք օգնում ենք նրանց ճիշտ եւ արդյունավետ ծախսելու այդ միջոցները: Գաղափարի հղացումից մինչեւ ներդրողներին գրավիչ ներկայանալու փուլը մենք միասին ենք: Նույնիսկ 5 տարի առաջ դրամաշնորհ ստացած թիմերի հետ  ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են հանդիպումներ, քննարկվում են զարգացումները, դարձյալ տրամադրվում է խորհրդատվություն:

Եվ այս համակողմանի աշխատանքների արդյունքում դեռեւս երեկ սկսնակ ու անփորձ ընկերություններից շատերը 1-2 տարում հասունանում են` վերածվելով վենչուրային ներդրումների համար գրավիչ բիզնեսների:

Լեռնային Ղարաբաղում նույնպես հիմնադրվել է տեխնոլոգիական կենտրոն: Որքանո՞վ է այն արդյունավետ եւ ի՞նչ բնույթի գործունեություն է ծավալում:

ՁԻՀ-ը համագործակցել է ԼՂՀ կառավարության հետ Ստեփանակերտում նմանատիպ կենտրոն ստեղծելու նպատակով: Կենտրոնն արդեն հաջողությամբ գործում է: Այնտեղ իրականացվում են մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, տեղակայված են տարբեր ընկերություններ, այդ թվում` նաեւ արտասահմանյան: Կենտրոնն հաջողությամբ գործակցում է Հայաստանի մարզերում գործող մեր տեխնոկենտրոնների հետ: Ստեփանակերտի տեխնոկենտրոնի ստեղծման եւ գործունեության հիմքում դրվել է նույն մոդելը, ինչ Վանաձորում եւ Գյումրիում: Այս առումով ծրագիրը համարում ենք հաջողված եւ կայացած:

ՏՏ ոլորտի ամենամեծ խնդիրը համարվում էր ուղեղների արտահոսքը, կա՞ արդյոք նման խնդիր ներկայումս:

Այդ խնդիրն առկա էր մի քանի տարի առաջ, բայց ոչ հիմա: Հայաստանում ՏՏ ոլորտը այնքան արագ է զարգանում, շուկան այնպիսի տեմպերով է ընդլայնվում, որ նման մասսայական  միտում այլեւս չկա: Եթե կան օրինակներ, ապա դրանք առանձին անհատների որոշումներ են, որոնք պայմանավորված չեն հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմամբ: Նշեմ, որ Հայաստանում մրցակցային բարձր առավելություններ ունեցող տեխնիկական աշխատուժի շնորհիվ ՏՀՏ խոշոր ընկերությունների եւ վերազգային կազմակերպությունների համար ընձեռվում են նպաստավոր ու շահավետ ներդրումային պայմաններ: Հաշվարկվել է, որ այս մրցունակ մասնագետները տարեկան մինչեւ 48,000 ԱՄՆ դոլարի արտադրողականություն են ապահովում իրենց ընկերությունների համար:

Վերջերս Վանաձոր այցելեց  Չինաստանի Շանսի նահանգի պատվիրակությունը: Ի՞նչ նպատակով էր այցն ու ինչպիսի՞ համագործակցություն եք ծրագրել:

Տեխնոկենտրենները մշտապես գտնվում են տեղական ու միջազգային պետական, մասնավոր եւ գործարար այցելուների ուշադրության կենտրոնում, պարբերաբար այցելում են միջազգային տարբեր պատվիրակություններ, ներկայացվում են համագործակցության առաջարկներ, կնքվում են հուշագրեր, կազմակերպվում են փորձի փոխանակման տարբեր նախաձեռնություններ: Եթե կար ժամանակ, երբ մենք էինք փորձում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը գրավել, ապա այժմ, հուրախություն մեզ, Հայաստանը աութսորսինգ կատարող երկրից վերածվել է ամբողջական բարդ տեխնոլոգիական լուծումներ տվող երկրի, եւ դա, չնայած փակ սահմանների հարուցած խնդիրներին, աշխարհաքաղաքական նոր զարգացումներին զուգահեռ, մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային ՏՏ շուկայում:

Որքանո՞վ էր կարեւոր վարչապետի այցը Վանաձորի տեխնոկենտրոն:

Սա վարչապետի առաջին այցը չէր: Նման այցեր եղել են՝ սկսած դեռ նախագծման ու կառուցման փուլից. այդպես էր նաեւ Գյումրու տեխնոկենտրոնի կառուցման ընթացքում: ՏՏ ոլորտը հայտարարված է գերակա ճյուղ մեր երկրում, եւ նման տեխնոկենտրոնները դիտարկվում են որպես ոլորտի զարգացման ենթակառուցվածքային կարեւորագույն ծրագրեր, եւ սրանք պարզապես խոսքեր չեն: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը եւ առհասարակ, մարզային կենտրոնները մշտապես եղել են պետական ուշադրության կենտրոնում: Այս այցերը սոսկ շրջայցային բնույթ չեն կրում. ամեն անգամ քննարկվում են առկա խնդիրները, դրանց լուծումները, եւ այդ առումով ձեւավորվել են գործընկերային հարաբերություններ կառավարության հետ: Ի վերջո, այս կենտրոններն ազդելու են ողջ մարզի, նաեւ երկրի տնտեսական վիճակի վրա՝ ընդգրկելով եւ խթանելով այլ ոլորտներ:

Սեպտեմբերին իրենց մասնաճյուղերը Գյումրիում կբացեն նաեւ «Սիներջի» եւ «Վոլո» ընկերությունները: Քանի՞ ընկերություններ են ներկայումս գործում կենտրոնում, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ արդյունքների կհանգեցնի այս 2 խոշոր ընկերությունների հիմնումը Գյումրիում:

Վոլոն եւ Սիներջին գալիս են համալրելու մեր մեծ ընտանիքը: Կենտրոնում տեղակայված են բազմաթիվ տեղական, միջազգային կազմակերպություններ, սկսնակ խմբեր, ուստի այս երկու կազմակերպությունների՝ կենտրոնում մասնաճյուղեր բացելը չի լուծելու միայն նոր աշխատատեղերի խնդիր: Նրանք իրենց հետ բերելու են երեւանյան, ինչպես նաեւ միջազգային մշակույթ, ձեւավորելու են մշակութային նոր միջավայր, ինչը չի կարող դրականորեն չանդրադառնալ կենտրոնի ընդհանուր մթնոլորտի վրա:

ՁԻՀ-ի գործունեության կարեւորագույն ուղղություններից է նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջխաղացումը արտերկրում: Այս նպատակով անցկացվում է նաեւ ամենամյա ԱրմԹեք միջազգային ֆորում: Այս տարի ֆորումը տեղի ունեցավ Սիլիկոնյան հովտում՝ Սինոփսիս կազմակերպության տարածքում: Ֆորումը դեռ նման ձեւաչափով չէր անցկացվել: Ինչու՞ նման ձեւ ընտրվեց, ինչպիսի՞ ձեռքբերումներ կան, եւ ի՞նչ է տալիս այս ֆորումը մեզ:

ԱրմԹեքը (ArmTech) սկիզբ է առել հենց Սիլիկոնյան հովտում՝ տեխնոլոգիական ոլորտի մի շարք հայ մասնագետների նախաձեռնությամբ: Ֆորումը մեծ նշանակություն ունի հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացման, ռազմավարական հարցերի քննարկման եւ քայլերի մշակման հարցում: ԱրմԹեքը փաստորեն պետություն-մասնավոր հատված (այդ թվում` վերազգային կազմակերպություններ ու ներդրողներ) գործընկերային շփման մի հարթակ է, որը կողմնորոշիչ դերակատարում ունի Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ու միջազգային հարթակներում դիրքավորման ուղղությամբ: Այս տարի ֆորումն իրականացվեց Սինոփսիս ընկերության տարածքում: Սինոփսիս ընկերությունը այս տարիների ընթացքում միշտ եղել է ԱրմԹեքի կողքին, աջակցել է ֆորումի կայացմանը: Թերեւս նման տեխնոլոգիական միջավայրում համաժողով անցկացնելու շնորհիվ էր նաեւ, որ ԱրմԹեքի հանդեպ դարձյալ լուրջ հետաքրքրություն ծագեց, նոր կազմակերպություններ ու անհատներ ներգրավվեցին: Ընդ որում` ֆորումը միայն չի ամփոփվում տվյալ սրահի շրջանակով եւ միայն ելույթներով: ԱրմԹեքի եւ դրա շրջանակում կազմակերպվող բազմաթիվ գործարար այցերի ու հանդիպումների ժամանակ են ձեռք բերվել բազում կարեւորագույն ծրագրերի իրականացման համաձայնությունները, կնքվել համագործակցության հուշագրեր: Այս տարվա ԱրմԹեքի ընթացքում նույնպես եղան հանդիպումներ, մասնավորապես՝ IBM, Nvidia, Intel, Reddit ընկերությունների հետ: Կայացավ ոչ ֆորմալ հանդիպում Սիլիկոնյան հովտի հայազգի երիտասարդ մասնագետների հետ: Եվ այս բոլոր հանդիպումները ոչ հեռավոր ապագայում անշուշտ կտան իրենց տեսանելի արդյունքները:

ՁԻՀ-ը մասնակցում է Ջրվեժում ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրին: Որքանո՞վ է նման քաղաքի ստեղծումը արդիական, ու՞մ հետ եք համագործակցելու եւ ո՞րն է նպատակը:

Ինժեներական քաղաքի ստեղծման գաղափարը Նեշընել Ինսթրումենթս ընկերության եւ ՁԻՀ-ի երկարատեւ, տարբեր ձեւաչափերով, այդ թվում` ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքն է: Գաղափարը քննարկվեց նաեւ կազմակերպության բարձրաստիճան ղեկավարների հայաստանյան այցի ընթացքում ՀՀ Նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ:  

Ի դեպ, Ինժեներական քաղաքի ծրագիրը առաջին անգամ ներկայացվել է նախորդ ԱրմԹեքի համաժողովներից մեկի ընթացքում եւ արժանացել է պետական ու մասնավոր հատվածների հավանությանը:

Հայաստանում ինժեներական ոլորտի զարգացումները այժմ այն փուլում են, ինչ ՏՏ-ինը, դիցուք, տասը տարի առաջ: Անելիքներ իսկապես շատ կան: Ոլորտը նաեւ սպեցիֆիկ է. բացի ծրագրային բաղադրիչից, այստեղ կա նաեւ սարքային բաղադրիչ, որը հասանելի չէ շատ ինժեներական կազմակերպությունների: Այս պատճառով որոշվեց հիմնել նման կենտրոն, որն ապահովված կլինի այդ սարքավորումներով եւ որտեղ կհավաքենք ոլորտի մասնագետներին եւ կազմակերպություններին՝ մեկ ընդհանուր միջավայրում ու ենթակառուցվածքների ներքո նրանց գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար:

Ծրագրի իրականացման մոդելն արդեն պատրաստ է, ճարտարապետական նախագծի հայեցակարգերն արդեն ուրվագծվում են, ներկայումս աշխատանքներ են ընթանում իրավական եւ այլ կազմակերպչական հարցերի կարգավորման ուղղությամբ: Այս ծրագիրը նույնպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական ուշադրության կենտրոնում է: Այնպես որ, առաջիկայում գործընթացը լայն թափ է առնելու եւ կյանքի է կոչվելու:

Վստահ եմ, որ այս նախագծի իրականացումը Հայաստանի ինժեներական ոլորտը բարձրացնելու է լրիվ այլ մակարդակի, որից շահելու են գրեթե բոլոր ոլորտները: