Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Թբիլիսիում ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասինն հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ըստ Sputnik-Գրուզիայի՝ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նախանշված են հոկտեմբերի 8-ին: «Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա ընտրություններին, որոնք պետք է լինեն արդար եւ ազնիվ, անցկացվեն ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Դա կարեւոր է ՆԱՏՕ-ի համար»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Վրաստանի կառավարության ղեկավար, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վստահ է ընտրություններում իր թիմի հաղթանակի հարցում: