Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մանդատ չունի, որը նրան թույլ կտար երկրի որոշ հատվածին զրկել Եվրամիության միասնական շուկայի հասանելիությունից: Ըստ DW-ի՝ շոտլանդական խորհրդարանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:
«Վարչապետը կարող է Անգլիայից եւ Ուելսից մանդատ ունենալ ԵՄ-ի կազմից դուրս գալու համար, բայց չեմ ընդունում այն փաստը, որ նա Եվրամիության միասնական շուկայից Միացյալ Թագավորության որեւէ հատվածին դուրս բերելու լիազորություն ունի»,- ասել է Սթերջենը:
Խոսելով Շոտլանդիայի անկախության հարցով եւս մեկ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին՝ նա նշել է, որ նման իրավունքից հրաժարվելը կնշանակի, որ «մենք ամբողջությամբ մեր հույսը դնում ենք որոշումների վրա՝ հաշվի չառնելով, թե դրանք որքան վնասակար եւ ապակառուցողական են մեր տնտեսության, հանրության եւ աշխարհում դիրքի համար»:





























