Բրազիլիան հարավամերիկյան երկիր է՝ լի հակադրություններով, ձեռակերտ տեսարժան վայրերով եւ բնական բազմազանությամբ: Բրազիլիան աշխարհին հայտնի է ոչ միայն կառնավալի եւ ֆուտբոլի շնորհիվ, այլեւ բնության եզակի գեղեցկությամբ՝ ավազաբլուրներով կուսական լողափերով, Ամազոնի ջունգլիների թավուտներով, ճահիճներով նաեւ հարուստ ու բազմազան կենդանական աշխարհով:
1822 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Պորտուգալիայից անկախություն հռչակելուց հետո, Բրազիլիան դարձավ միապետություն, Բրազիլիայի կայսրություն, որը գոյատեւեց մինչեւ 1889 թվականի նոյեմբերի 15-ը՝ հանրապետական կառավարության հաստատումը:
Սեպտեմբերի 7-ին Երեւանում տեղի ունեցավ Բրազիլիայի անկախության 194-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:
Ընդունելությանը մասնակցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում լիազորված դիվանագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող բրազիլացի ուսանողներ:
Բրազիլական եզակի տոնական ոգու մասին էին վկայում անկրկնելի կայպիրանիան եւ անհավանական հագեցնող ֆեյժոադան:
Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, որը անսպառ եռանդի տեր մարդ է, ուրախություն հայտնեց հայկական հյուրընկալությունը վայելելու հնարավորության համար: Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Բրազիլիան երկկողմանի համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ունեն: Դեսպանն ընդգծեց Սերժ Սարգսյանի օգոստոսի 12-ին Բրազիլիա կատարած այցի կարեւորությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանի նախագահը նաեւ մասնակցել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանատան շենքի հիմնարկերքի արարողությանը:
Պարոն Մոնտեյրոն շնորհավորեց հայ մարզիկներին, որոնք Բրազիլիայում տեղի ունեցած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանին ոսկե եւ արծաթե մեդալներ բերեցին: Նա ողջունեց եւ կոչ արեց ծափահարել ընդունելությանը ներկա ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին: Մարզիկները արծաթե մեդալներ էին նվաճել Ռիո դե ժանեյրոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում:
ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն, իր հերթին, ազգային տոնի, անկախության 194-րդ տարեդարձի կապակցությամբ Կառավարության անունից շնորհավորեց դեսպանին եւ բրազիլացի ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջին տարիներն անչափ կարեւոր էին երկու երկրների համար:































