ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հյուրընկալած այս հանդիպումը հանդիսանում է 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով գագաթաժողովի շարունակությունը: Լոնդոնյան հանդիպման նպատակն է ամփոփել գագաթաժողովի ընթացքում նախորդ տարի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու արձանագրել նոր հանձնառություններ:
Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն էր ստանձնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում տեղակայելու նպատակով կազմավորել լրացուցիչ կարողություններ՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալ եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ստորաբաժանում:
Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:




























