Այն ինչ եզդիների հետ տեղի է ունեցել Իրաքում, ցեղասպանություն է, ոչ ոք չի կարող հերքել դա կամ կասկածի տակ դնել: Այս մասին սեպտեմբերի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Երիտասարդ եզդիներ» հասարակական կազմակերպության ղեկավար Սաիդ Ավդալյանը:

Նա հիշեցրել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է «Իսլամական պետության» կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարության նախագիծը: «Հայտարարության նախագծի համահեղինակներն են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը ու մի շարք այլ պատգամավորներ: Հայտարարության նախագիծը դրվել էր քննարկման, այն ԱԺ օրակարգում ներառելու նպատակով»,- նշել է Սաիդ Ավդալյանը: Հնչեցին հայտարարություններ, շարունակեց նա, որ 20-25 հազար եզդիների սպանությունը «ցեղասպանության ձեւաչափի մեջ չի մտնում»: «Դա Գուրգեն Արսենյանի հայտարարությունն էր: Մինչեւ ցեղապանությունը Իրաքում 1-1.5 մլն եզդի էր ապրում: Պարոն Արսենյանի կարծիքով պետք էր 1-1.5 մլն եզդիներին ոչնչացնե՞լ, որպեսզի տեղի ունեցածը հնարավոր լիներ ցեղասպանություն կոչել»- հարցնում է Սաիդ Ավդալյանը: Նա հիշեցնում է, որ ըսը ՄԱԿ-ի բանաձեւերի ու հռչակագրերի, եթե 3 մարդու են սպանում կրոնական կամ ազգային պատկանելիության հիման վրա, դա արդեն իսկ ցեղասպանություն է համարվում:

 Սաիդ Ավդալյանի խոսքով ԱՄՆ կոնգրեսը, Եվրախորհրդարանը ու Կանադայի կառավարությունը ճանաչել են Իրաքում եզդիների ցեղասպանությունը: «Այն ինչ տեղի է ունեցել եզդիների հետ՝ ցեղասպանություն է, ոչ ոք չի կարող ժխտել դա կամ կասկածի տակ դնել: Մենք ընդամենը կոչ ենք անում բոլորին կասկածի տակ չդնել եզդիների ցեղասպանությունը, չփորձել շահարկել այդ ամենը՝խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Կոչ ենք անում ընդունել եզդիների ցեղասպանության ճանաչման մասին այս օրինագիծը ու դատապարտել այն: Մենք պետք է դատապարտենք եւ Հայոց ցեղասպանությունը, եւ եզդիների, քանի որ անպատժելիությունը հանգեցնում է նոր ցեղասպանությունների»- շեշտեց Սաիդ Ավդալյանը:

Հիշեցնենք, որ արտաքին հարաբերությունների հարցերով խոհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իրաքի եզդիների նատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր ելույթի ժամանակ ասել էր.«Հետո ի՞նչ որ Իրաքում 3000 եզդի են սպանել»: