Պետք է ոչ թե թաշկինակի նման փոխել վարչապետներին, այլ՝ համակարգային փոփոխություններ իրականացնել, որը կապահովի Հայաստանում ժողովրդավարություն, զարգացում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Գյումրիում ՀԱԿ ավագանու ցուցակը ներկայացնելիս նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Մեզ պետք են փոփոխություններ, բայց ոչ այնպիսի փոփոխություններ, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը՝ թաշկինակի նման փոխելով վարչապետներին, այլ համակարգային փոփոխություն: Փոփոխություն, որը Հայաստանում հաստատում է ժողովրդավարություն եւ զարգացում: Մեզ պետք են ղեկավար պաշտոններում մաքուր, սկզբունքային, համարձակ մարդիկ, որոնք կարող են ամենավճռական կերպով պայքարել ժողովրդի իրավունքների համար, լուծել նրանց խնդիրները»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
«Շատ շուտով կհրապարակենք ՀԱԿ-ի ծրագիրը: Հիմնական ուղղությունն այն է, որ արմատական փոփոխություններ են պետք Գյումրիում: Գյումրին չպետք է մնա թշվառ ու աղքատ, այն պետք է ապրի եռանդուն, գործունյա կյանքով: Պետք է ամեն ինչ անենք, որ բացվեն աշխատատեղեր, մարդիկ սկսեն վերադառնալ»,-ասաց Զուրաբյանը:



























