Ազգային համաձայնության կառավարությունում ամենայն հավանականությամբ կընդգրկվեն այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին NEWS.am-ին ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Կարեւորն այն է, թե նոր վարչապետով եւ Կառավարությամբ կփոխի՞ ուղղությունը, թե՞ ոչ, այսինքն, Հայաստանը կդադարի՞ միակողմանի վերաբերել ԵՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ համագործակցությանը: Կարեւորը սա է, ոչ թե անձի խնդիրը: Այս ուղղությունը չի փոխվի, եթե նույնիսկ կոալիցիայի մեջ մտնեն տարբեր քաղաքական ուժեր, ապա դրանք կլինեն այն ուժերը, որոնք խորհրդարանում կողմ են քվեարկել ԵՏՄ-ին անդամակցությանը: Եթե մենք այս հայեցակարգի մեջ ենք մնում, ապա վարչապետի փոփոխությունը չի փոխի արտաքին քաղաքականության վեկտորը, որը մեզ համար կարեւոր հարց է: Իսկ ես հասկանում եմ, որ չի փոխելու վարչապետը արտաքին քաղաքականության վեկտորը, հետեւաբար, կտրուկ փոփոխություն չի սպասվում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը համոզված է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կներառի նույնիսկ ընդդիմադիր ուժերի, սակայն միայն նրանց, որոնք ԵՏՄ-ին կողմ են: Վարչապետի հրաժարական կարեւոր նշանակություն կարող է ունենալ, ըստ Ստեփան Գրիգորյանի, եթե Կառավարության կազմում ընդգրկվեն այն հասարակական- քաղաքական գործիչները, փորձագետները, որոնք Եվրոպական միության համակիրներ են:

«Սա շատ անհավանական է»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել սեպտեմբերի 8-ին: Նրան կփոխարինի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որը բնակվում էր Մոսկվայում: