Ոստիկանական ստուգումները, որոնք պարբերաբար անցկացվում են Վրաստանում հանցագործությունների կանխարգելման եւ հասարակական կարգի պահպանության նպատակով, հարյուրավոր քրեական եւ վարչական խախտումներ են ի հայտ բերել, հայտնում է «Sputnik- Գրուզիա»-ն:
Ստուգումները, որոնք ՆԳՆ-ում հատուկ ոստիկանական վերահսկողություն են կոչում, ընթացել են սեպտեմբերի 6-8-ին: Արդյունքում ոստիկանությունը 170 քրեական հանցագործություն է ի հայտ բերել, 1357 վարչական իրավախախտում, ասված է ՆԳՆ-ի կայքում: Ոստիկանները հրազենի եւ մարտական նյութերի անօրինական ձեռքբերման, պահելու եւ կրելու 59 փաստ են ի հայտ բերել, թմրանյութի անօրինական ձեռքբերման եւ պահելու 50 փաստ, թալանի 20 փաստ, ինչպես նաեւ ընտանեկան բռնության, ծեծի, բռնության կիրառման եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու առանձին դեպքեր:
Վարչական իրավախախտումների թվում եղել է թմրանյութի անօրինական օգտագործման 50 փաստ, ոստիկանությանը չենթարկվելու եւ մանր խարդախության 31 փաստ, սառը զենք կրելու 29 փաստ:
Ոստիկանական ստուգման ընթացքում անօրինական շրջանառությունից հանվել է հրազեն եւ մարտական նյութեր. 12-ական ատրճանակ եւ կարճափող հրացան, 8 որսորդական հրացան, 4 ինքնաձիգ, երկուական ակոսավոր հրացան եւ ռեւոլվեր եւ մեկ պնեւմատիկ զենք: Առգրավվել է նաեւ տարբեր տեսակի թմրանյութ: Ստուգումների արդյունքում ոստիկանությունը 31 մարդու է ձերբակալել քրեական հանցագործություն կատարելու եւ 30 մարդ քրեական իրավախախտման համար:




























