«Քաղաքացիական պայմանագիրը» մեծ հավակնություններ ունեցող ուժ է։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա հայտնեց, թե իրենք ամեն րոպե չեն խոստանում իշխանափոխություն անել՝ չհիասթափեցնելու ժողովրդին, սակայն ամեն ինչ անելու են դրա համար։

Գյումրիում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Համբարձումյանը նշեց, թե Գյումրիում չափազանց մեծ խնդիրներ կան։ «Մենք կորզելու ենք այդ խնդիրների լուծումը։ Գյումրիի բնակիչները թող մեզ դեմ տան պատին՝ այդ խնդիրները լուծելու համար, իսկ մենք դեմ ենք տալու պատին օրվա իշխանություններին»,- նշել է նա։ Նա երկու տարի խնդրեց գյումրեցիներից՝ բոլոր խնդիրներհը կարգավորելու համար։ Քաղաքապետի թեկնածուն նաեւ խոստացավ՝ ավագանում մեծամասնություն կազմելու դեպքում չեղարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացի հռչակելու որոշումը։

Հանրահավաքը վարող Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է Կապան քաղաքում, Նոր Կյանք, Իրինդ, Ոսկեվազ, Նորադուզ համայնքներում, Վանաձորում եւ Գյումրիում։