Ադրբեջանում գերեվարված ու հետո հայրենիք վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանի մայրը չի հավատում, որ որդին ընդունակ էր 17-ամյա աղջկա սպանելու:

«Մենք էլ չգիտենք, թե ինչ է եղել, ինչու են իմ տղային մեղադրում, բայց իմ Արսենն ընդունակ չէր նման բանի: Տղաս կյանքում նույնիսկ հավ չի մորթել, շատ խղճով էր, ինքը չէր կարող էդ աղջկան սպանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսենի մայրը` տիկին Սվետան:

Մոր խոսքով` նույնիսկ մահացած աղջկա հարազատներն են ասում, որ Արսենը մեղավորություն չունի կատարվածի մեջ: Թե ինչ է տեղի ունեցել սպանության օրը, տիկին Սվետան չգիտի, Արսենը նույնպես ոչինչ նրան չի պատմել:

Նշենք, որ Արսեն Խոջոյանի ընտանիքը սոցիալապես անապահով է: Մոր խոսքով, Արսենի կալանավորվելուց հետո իրենց նպաստից զրկել են:

«3 անչափահաս երեխա ունեմ, բայց հենց Արսենին բռնեցին, մեզ նպաստից զրկեցին, թոշակ էլ չեն տալիս: Թե ինչի են նման բան անում, չենք հասկանում»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2016թ. հունիսի 24-ին ժամը 21:00-ի սահմաններում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա անչափահաս բնակչուհին, որը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։

Ապացույցներ են ձեռք բերվել, որ անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղեւորվել են Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից եւ միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ եւ սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։

Քննությամբ պարզվել է, որ ճանապարհին նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել  աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ա. Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ հարցաքննվել: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից: