«Ես չգիտեմ, թե այդ վթարը որ հատվածում է եղել, բայց այս պահի դրությամբ „Հայռուսգազարդ“-ը հայտարարում է, որ հանրապետություն պահանջարկին համապատասխան եւ ճնշումներին համապատասխան գազ մտնում է եւ այդ վթարը որեւէ կերպ չի անդրադարձել մեզ վրա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի վթարի պատճառով դադարեցվել է գազի մատակարարումը Հայաստան եւ Վրաստան:
Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների, Ինգուշիայի տարածքում վնասվել է Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազամուղը: Խողովակը 720 մմ տրամագծով ծակվել է Աչալուկի գյուղի մոտ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հարավային ռեգիոնալ կենտրոնից հաղորդում են, որ վթարի արդյունքում հրդեհ է բռնկվել: Գազի մատակարարումը դադարեցվել է, դեպքի պատճառները պարզվում են:
Մեր հարցին, թե չկա՞ վտանգ, որ եթե անգամ հիմա գազ մատակարարվում է Հայաստան, հնարավոր է այն դադարեցվի որոշ ժամանակ անց, Շ. Սարդարայանը պատասխանեց. «Ես այդ վտանգի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց այս պահին մենք որեւէ խնդիր չունենք ներկրման եւ ծավալների հետ կապված: Պաշտոնապես հաստատում ենք, որ մեզ վրա դա չի անդրադարձել»:




























