Ընտրական օրենսգրքի շուրջ ԱԺ 5 խմբակցությունների նախաստորագրված փաստաթղթում ամրագրված գաղափարները դրական են: Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարակական կազմակերպություններ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Քաղաքացիական հասարակության բազմաթիվ կառույցներ, դիտորդական առաքելություններ եւ ընտրություններին մասնակցող կուսակցություններ տարիներ շարունակ բարձրաձայնել են, եւ կա ձեւավորված հասարակական կարծիք, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների քվեները օգտագործվում են ընտրությունները կեղծելու նպատակով եւ որ արդար ընտրական համակարգի եւ ընտրական իրավունքի պաշտպանության հարցում քվեարկողների կողմից ստորագրած ցուցակների հրապարակումը հայաստանյան պայմաններում չունի այլընտրանք:
2016թ. սեպտեմբերի 10-ին ԱԺ հինգ խմբակցությունների կողմից նախաստորագրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը, որն ամրագրում է մեխանիզմներ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար:
Քվեարկության օրինականության վերահսկման մի շարք մեխանիզմների ստեղծման, հատկապես` ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, տեղամասերը տեսախցիկներով հագեցնելու, քվեարկության եւ արդյունքների ամփոփման փուլերի տեսաձայնագրման եւ ուղիղ հեռարձակման պահանջի կատարումն առաջընթաց է: Կարեւորվում եւ դրական ենք գնահատում քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված համաձայնությունը եւ երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ: Այդ մեխանիզմների մշակման գործում էական ազդեցություն եւ մասնակցություն են ունեցել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Ակնկալում ենք, որ նախաստորագրված փաստաթղթում ամրագրված գաղափարները պատշաճ կերպով կյանքի կկոչվեն Հայաստանի իշխանությունների կողմից` նաեւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հուսով ենք, որ դրանք հնարավորություն կտան կանխարգելելու ընտրակեղծարարության մի շարք դրսեւորումներ, ինչպիսիք են` բազմակի քվեարկությունը, քվեաթերթիկների լցոնումը, կամ մասնակցության ուռճացված ցուցանիշների հաշվին ընտրությունների արդյունքների կեղծումը:
Միեւնույն ժամանակ, ակնկալում ենք որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսեւորումները կստանան շարունակական բնույթ եւ շուտափույթ լուծում կտան ընտրական օրենսդրության այլ խնդիրներին` նպատակ ունենալով ստեղծելու երաշխիքներ ազատ եւ արդար ընտրությունների համար:
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ
Բորիս Նավասարդյան, «Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ





























