Պետք չէ ակնկալիք ունենալ Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց, ինչի մասին վերջին օրերին գրում է ռուսական մամուլը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:
«ՀԱՊԿ-ն իր գործառույթներով, իր հնարավորություններով չկանխեց 4-օրյա պատերազմը, հետեւաբար չեմ կարծում՝ նման նշանակումից կարելի է դրական ակնկալիքներ ունենալ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցին, որտեղ նա խոսել է փոխզիջումների մասին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ընդունելի չի համարում այդ տարբերակը:
«Մենք չունենք տարածքներ, որոնք կարելի է զիջել կամ փոխզիջել, մենք այդպիսի հնարավորություններ չունենք, քանի որ եթե նույնիսկ կարգավիճակի դիմաց է դա արվելու, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ տարածաշրջանում անվտանությունն ապահովված է լինելու: Նույնիսկ եթե կարգավիճակի ճշտում է տեղի ունենալու, դա չի նշանակում, որ մենք մեր անվտանգությունը կարողանալու ենք ապահովել»,- ասաց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ բանակցություններ պետք է չլինեն, քանի դեռ Ադրբեջանին պատասխանատվության չենք կանչել 4-օրյա պատերազմի համար:





























