«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դեռ մեկ շաբաթ կմնա Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը այժ հետվիրահատական բուժօգնություն է ստանում։

«Վիրահատության հետ կապված որոշակի խնդիրներ կան, պետք է օրգանիզմը ընտելանա։ Նա դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում, մեկ պարզ պատճառով, որ իր վերքերն ավելի խորն են ու մեծ եւ վերքերի բուժման համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ»,-ասաց նա։

Հարություն Բաղդասարյանն անդրադառնալով իր մյուս պաշտպանյալ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, նշեց, որ Արամն արդեն կարողանում է ոտքը դնել գետնին եւ քայլում է հենակների օգնությամբ. «Ենթադրում եմ, որ մոտ ապագայում հենակներով ազատ կկարողանա քայլել»։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին  հուլիսի 27-ին  ոտքի հրազենային վիրավորում  են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։  Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։