Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 24-ը կալանքի տակ է թողնելու ձեռներեց Արամ Պետրոսյանին, որին մեղադրում են Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում մարդկանց պատանդառելու համար, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը:

«Դատարանը անփոփոխ է թողել Պրեսնենյան դատարանի որոշումը, իսկ վճռաբեկ բողոքը չի բավարարել»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Փաստաբան Ստանիսլավ Մալցեւը պատմել է, որ իր պաշտպանյալը լիովին ընդունել է իր մեղավորությունը ու խնդրել է խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով:

Նախնական տվյալներով Պետրոսյանը մեղսունակ է ճանաչվել, բայց հոգեբուժական փորձաքննության վերջնական արդյունքները ավելի ուշ պատրաստ կլինեն:

Մինչ այդ հայտնել էին, որ Արամ Պետրոսյանը «Մեդվեդկովո» քրեական մեկուսարանում է գտնվում: