Իշխանության հետ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել: Այն ճանապարհ է հարթում դեպի արդար ընտրություններ: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ համաձայնագիրը ընդդիմության եւ իշխանության կողմից ստորագրելու ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Փոփոխությունները կվերաբերեն ընտրատեղամասերի վերազինմանը: Հայաստանի քաղաքական ուժերի պահանջները, որ անհավանական էին թվում, այժմ իրականանում են: Անհնարինը հնարավոր է դառնում: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, եւ չի կարելի չնշել իշխանությունների կամքն ու կոալիցիայի հետ երկխոսության պատրաստակամությունը, հայտարարել է Զուրաբյանը:
«Քաղաքացիական հասարակությունը մեծ աշխատանք կատարեց եւ այժմ հայտարարեց իր համաձայնության մասին: Մենք ի սկզբանե հայտարարել ենք՝ մեզ համար ոչինչ ընդունելի չէ, եթե իրենց համար անընդունելի է: Այժմ նրանք համաձայնագիրը դրական են գնահատում եւ այն ընտրությունների հանդեպ հասարակության վստահության բարձրացման երաշխիք են համարում»,- ընդգծել է պատգամավորը:
Վերջապես հայթայթվել է նաեւ ընտրատեղամասերում տեսահսկման սարքեր ձեռք բերելու գումարը: Միջազգային դոնորները խոստացել են 9 մլն եվրո տրամադրել: «Անհրաժեշտ հիմքը դրված է: Այժմ՝ առա՛ջ, դեպի արդար ընտրություններ»,- ամփոփել է նա:





























