Հայաստանը չի կարող ստանձնել նման պարտավորություն, որ ՌԴ քաղաքացուն բերի Հայաստան, հետո նորից ուղարկի ԱՄՆ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ռուսաստանցի ծրագրավորող Սերգեյ Միրոնովի փաստաբան Վրեժ Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ դատախազության որոշմանը, ըստ որի ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Միրոնովին ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Վրեժ Խաչիկյանի խոսքով, Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու միջնորդությունն ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է, քանի որ Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը, բացակայում էր ԱՄՆ իրավասու մարմնի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կամ որոշումը:
Փաստաբանը նշել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ երկկողմ միջազգային պայմանագիր չունի, այդ երկրի հետ միմյանց իրավական փոխօգնություն է ցուցաբերվում միայն Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի շրջանակներում, հետեւաբար, ՀՀ դատարանն իրավասու էր միայն բավարարելու Միրոնովին 40 օրով կալանավորելու միջնորդությունը կամ մերժելու այն, իսկ այլ խափանման միջոց կիրառելու իրավասություն չուներ, որովհետեւ ՀՀ-ում քրեական գործ չկա:
Անդրադառնալով նրան, թե ինչպես եղավ, որ անձն առանց թույլտվություն հարցնելու՝ բացակայեց Հայաստանից, Խաչիկյանը նշեց, որ եթե անձի վրա չկա ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու վերաբերյալ որեւիցե իրավական նորմ, անձը ազատ է իր գործողությունների եւ տեղաշարժման մեջ։
Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց նաեւ, որ Սերգեյ Միրոնովի Մոսկվայի փաստաբանները դիմել են ՌԴ Գլխավոր դատախազությանը եւ Ինտերպոլին, որպեսզի վերջիններս ճշտեն՝ ինչո՞ւ ՌԴ Ինտերպոլը տեղեկացված չէր եւ չէր ստացել անձին հետախուզելու վերաբերյալ կարմիր քարտն այն դեպքում, երբ 2-3 ամիս առաջ Սերգել Միրոնովը Հնդկաստան է գնացել, ստացել է վիզա Իսպանիայի դեսպանատնից եւ նման խնդիր երբեւիցե չի ունեցել։
Փաստաբանի խոսքով, Հայաստանը չունի որեւէ իրավասություն՝ Միրոնովին Հայաստան վերադառնալ պարտավորեցնելու համար։
Նշենք, որ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հենց դատարանի դահլիճից ազատ էր արձակել եւ մերժել ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը: Դատախազությունը 40 օրով ժամանակավոր կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից Սերգեյ Միրոնովի նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում:



























