Հայաստանի գլխավոր դատախազությունը պետք է թափանցիկ աշխատի, գուցեեւ՝ թույլատրելիից ավելի: Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածության քննարկմանը:

Սահակյանի խոսքով՝ կան քրեական գործեր, որոնք քննության գաղտնիքի պատճառով շահարկումների առիթ են դառնում: Լավ կլինի, եթե դատախազությունը կարողանա այդպիսի շահարկումները կանխել: Մյուս կարեւոր հարցը հոկտեմբերին սկսվող Քրեադատավարական օրենսգրքում փոփոխությունների քննարկումն է: Այդ փոփոխությունները պետք է համապատասխանեն սահմանադրական բարեփոխումներին, որոնք հավանության են արժանացել 2015-ի դեկտեմբերին:

«Անհրաժեշտ է իրացնել համակողմանի ընդունելի դրույթները: Մենք առաջարկները քննարկել ենք Գագիկ Ջհանգիրյանի հետ (ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր – խմբ.) եւ մեր մոտեցումներում շատ ընդհանրություններ ունենք»,- հավելել է Հովհաննես Սահակյանը: