Հովիկ Աբրահամյանի աշխատանքի մասին գնահատականներ հնչեցնելը, կնշանակի նա իր գործունեության մեջ օժտված է եղել բոլոր  ազատություներով, սակայն չի արել որեւէ բան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Համախմբում» կուսակցության  ներկայացուցիչ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խուսափելով գնահատել նախկին վարչապետի աշխատանքը:

«Երբ խոսում են այս կամ այն վարչապետի աշխատանքի մասին, ես վերապահումով եմ վերաբերում, քանի որ վարչապետը չէ ինքնուրույն որոշում եւ անում: Խնդիրը քաղաքական իշխանության մեջ է: Ի վերջո շատ մեծ դեր ունի խորհրդարանական մեծամասնությունը, որը կարող է տեսականորեն այդ ազատությունը տալ վարչապետին եւ այդ ճնշումները չլինեն: Անկեղծ ասած, չեմ ուզում Հովիկ Աբրահամյանի աշխատանքը գնահատել, դա նշանակում է նա օժտված էր բոլոր ազատություններով, բայց չի արել: Հայաստանում վարչապետի ու կառավարության ազատություն շատ քիչ է եղել»,-ասել է Ստեփան Մարգարյանը:

Պատգամավորը նորանշանակ վարչապետի եւ ձեւավորվող կառավարությանն անդրադառնալիս ասել է, որ դժվարանում է գնահատականներ հնչեցնել, քանի որ դեռ չի ներկայացվել կառավարության ծրագիրը:

«Նոր կառավարության մասին կուզեի խոսել ծրագիրը ներկայացնելուց հետո, հակառակ դեպքում անձերից պիտի խոսեմ: Բայց կա մի շատ կարեւոր պայման՝ որքանով է ազատ լինելու կառավարությունը, եւ իրավունք ունենալու իրականացնել Սահմանադրությամբ իրեն հատկացված լիազորությունը:  Քանի համակարգը չի փոխվել, այսինքն՝ այն հարաբերությունը, որ կառավարությունը ունենում է քաղաքական վերնախավի հետ, չի փոխվել ոչինչ: Եթե փոխվի, շատ բան կարելի է սպասել: Անձը չպետք է ուժեղ լինի, այլ պետությունը, համակարգը: Անձի ուժեղ լինելը ավելի վտանգավոր է, դա նշանակում է թույլ է պետությունը: Եթե ուժեղ է նախագահը կամ վարչապետը, պետությունը թույլ է լինելու որպես կանոն»,-ընդգծել է Մարգարյանը: