Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը սեպտեմբերի 12-ին Փարիզում մասնակցել է «Արդյոք Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարն հնացել է» խորագրով բարձրաստիճան համաժողովին, որը նվիրված էր Եվրոպայի Խորհրդի ապագային։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը, որի նախաձեռնողը ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն էր, բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագարամոնտը։ Բանախոսների թվում էին նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, ԵԽԽՎ նախկին նախագահներ Աննե Բրասյորը եւ Ժան Կլոդ Մինյոնը եւ այլ գործող ու նախկին պաշտոնյաներ։
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի ձեռքբերումները եւ դրա դերակատարությունը Եվրոպայում բնակվող բոլոր անհատների իրավունքների պաշտպանության գործում։ Նա ընդգծել է, որ թեեւ ԵԽ հիմնադրումից հետո միջավայրը կտրուկ փոխվել է, բայց ԵԽ մանդատը մնացել է նույնը։ Դեսպանը նաեւ նշել է, որ կազմակերպության առջեւ ծառացած շատ դժվարություններ թերեւս չէին լինի, եթե բոլոր անդամ երկրները ավելի մեծ ջանքեր գործադրեին կանոնադրական նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ։
Ելույթ ունեցողները համակարծիք էին Եվրոպայի խորհրդի կարեւորության եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման խնդրում՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայի առջեւ ծառացած արդի մարտահրավերները, ինչպիսիք են ահաբեկչությունը, արմատականացումը, ատելության սերմանումը եւ միգրացիան։





























