Վրաստանի հետ կրթական համատեղ ծրագրեր կմշակվեն: Այս մասին նշվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարեւան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները եւ ծրագրերը, ինչպես նաեւ համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները:
Իր հերթին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Անդրադառնալով Հայաստանի կրթության համակարգի մարտահրավերներին` Լեւոն Մկրտչյանը նկատել է, որ դրանցից շատերը բնորոշ են նաեւ Վրաստանի կրթական համակարգին: Այդ համատեքստում ՀՀ կրթության եւ գիտության նախարարն իր վրաց գործընկերոջն առաջարկել է երկու երկրների հարաբերություններում ակտիվացնել ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում: Մասնավորապես, նախարարներ Մկրտչյանն ու Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաեւ, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները եւ վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ: Այցի ընթացքում, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Պատվավոր հյուրերին ողջունել է կենտրոնի ղեկավար Թամար Սանիկիձեն եւ հանդես եկել կենտրոնի հիմնական գործունեության եւ կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ շնորհանդեսով:
Վրացական կողմը նշել է, կրթության որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի եւ մեխանիզմների շնորհիվ կոնկրետ արդյունքներ են արձանագրել: Հայկական պատվիրակությունը հատկապես հետաքրքրված է եղել կենտրոնի անկախության աստիճանով եւ առաջարկել մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ հավատարմագրման համակարգ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը:
Նախարարի գլխավորած պատվիրակություննն այցելել է նաեւ Վրաստանի տեխնիկական համալսարան եւ հանդիպում ունեցել ռեկտոր Արչիլ Պռանգիշվիլու եւ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական եւ ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով տարածաշրջանում տեխնիկական կրթությունն ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:




























