Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նույն հասցեում գործող հյուրանոցից եւ սրճարանից գողություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հուլիսի 7-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի հյուրանոցներից մեկից եւ նույն հասցեում գործող սրճարանից գաղտնի հափշտակել է հյուրանոցին պատկանող՝ «Սալկանո» մակնիշի հեծանիվը, «Dell» մակնիշի նոթ-բուք, երկու տարբեր քաղաքացիների պատկանող «Nokia» մակնիշի բջջային հեռախոս, դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, սոցիալական քարտ, ուսանողական քարտ, կանխիկ գումար,  ինչպես նաեւ՝ «I Pad»:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ առգրավվել են անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները,  որտեղ երեւում է, թչ ինչպես է մի երիտասարդ  վերցնում ուրիշին պատկանող գույքը եւ հեռանում։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված սեւ գլխարկով, կապույտ բաճկոնով երիտասարդ տղայի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: