2015-ին Հայաստանում սեփականաշնորհման սուբյեկտները ծրագրերում նշված 27 աշխատատեղի փոխարեն՝ ապահովել են 59 աշխատատեղ: Այս մասին հայտարարել է  կառավարությանն առընթեր Պետունեցվածքի կառավարման կոմիտեի պետ Արման Սահակյանը՝ ներկայացնելով 2006-07 թվականների սեփականաշնորհման ծրագրերի կատարման 2015 թվականի հաշվետվությունը:

Իր պարտավորությունները կատարել է նաեւ համեմատաբար խոշոր ներդրողներից մեկը: Սեփականաշնորհման ծրագրով նախատեսված 8,8 մլն դոլարի փոխարեն նա ներդրել է 10,25 մլն դոլար:

Իրենց պարտավորությունները կատարել են նաեւ ուրիշները՝ ավելի փոքր ներդրողները: 21 մլն դրամի փոխարեն՝ նրանք ներդրել են 24,9 մլն դրամ (52,3 հազար դոլար – խմբ.):

Պետունեցվածքի գնորդներից մեկը կատարել է նաեւ սոցիալական պարտավորությունները՝ 12 քաղաքացու համար ստեղծելով նվիրաբերվող բնակմակերես:

Անբարեխիղճ 4 գնորդների գործերը դատարան են ուղարկվել:

2015-ին պետունեցվածքի օբյեկտների վաճառքից ստացվել է մոտ 52 մլն դրամի հասույթ, որից 25,1 մլն-ը 2015-ի գործարքներից եւ 26,8 մլն-ը՝ նախորդ տարիների: