ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Գործադիր մարմնի նիստում անդրադարձել են ԱԺ նստաշրջանի մեկնարկին, ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներին։ «Երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ, ընդդիմության եւ իշխանության միջեւ վերաստորագրվեց ընտրական փոփոխությունների հուշագիրը։ Պետք է ամեն ինչ անենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ մեր հանրության վերաբերմունքը լինի բարձր»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք ջենթլմենական համաձայնությամբ հասան նրան, որ իշխանությունները գործնականում արեցին այնպես, որ ընդդիմությանը բավարարում են փոփոխությունները։