Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է: Այս մասին, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը եւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր»  հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության  հետ  երկարատեւ եւ արդյունավետ  համագործակցության  համար: "Շատ կարեւոր է, երբ  միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետեւողական եւ արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք  նախադպրոցական կրթության զարգացման եւ ներառականության տարածման ուղղությամբ, կարեւոր եւ հեռանկարային գործընթաց է եւ համահունչ  է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը",- իր խոսքում նշել է Լեւոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մեդիկոր հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին  իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման եւ նախակրթարանների  զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել:

«Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը եւ շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաեւ մեր կազմակերպության աջակցությամբ  աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաեւ նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը»,-նշել է  Ռիկուս Ջասոմետին: 

Անդրադառնալով համընդհանուր ներառականության տարածման խնդրին` նախարարը նշել է, որ  մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձեւավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռեւս թյուրըմբռնում կա: «Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը եւ դպրոցական կյանքին, կամ ասենք  բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում»,-նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը: Այս համատեքստում նախարարը կարեւորել է  ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:

Հանդիպման ընթացքում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու իրենց գործունեության ուղղությամբ: Նա նախարարին ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը` շեշտելով, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը: Հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները` նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար: