Արցախի անկախության 25-րդ տարելիցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին պարգեւատրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով, միջազգային ասպարեզում Արցախի ճանաչման հարցում մեծ ներդրում ունենալու համար:

Ինչպես հաղորդում է «Արցախպրեսը»,  այս պարգեւն ամենաբարձրն է որով պարգեւատրվում են դիվանագիտական կամ քաղաքական ոլորտում կարեւոր նվաճումների համար եւ հետեւաբար Արցախի ղեկավարի կողմից նման պարգեւի արժանանալը արդեն իսկ մեծ պատիվ է ցանկացած հայ դիվանագետի համար:

Թաթուլ Մարգարյանը որպես Լեռնային Ղարաբաղի հարցերով ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ ուղղակիորեն ներգրավված է եղել բանակցային գործընթացում դեռեւս 2000-ականների սկզբից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռուդոլֆ Փերինան ժամանակին ընդգծել է, որ Ղարաբաղում առանց հետաձգելու ինքնորոշման հանրաքվե անցկացնելու գաղափարը առաջին անգամ քննարկվել, իսկ այնուհետեւ որպես դրույթ մշակվել է ՀՀ ԱԳ փոխնախարար, ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանի հետ դեռեւս 2002-2003թթ.: Այսինքն, էական է եղել Թ. Մարգարյանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրման գործում։ Դա անկասկած բանակցային գործընթացի շրջադարձային ձեռքբերումն է:

Հետագայում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան աշխատելու տարիներին Թ. Մարգարյանը հետեւողական ջանքեր է գործադրել Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացի առաջխաղացումն ապահովելու հարցում:

ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության եւ հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ նոր թափ հաղորդվեց ԼՂՀ անկախության ճանաչման անդառնալի գործընթացին՝ նահանգային մակարդակով՝ ի դեմս ԱՄՆ 5 նահանգների:

Փաստորեն սրանով սկիզբ է դրվել ԼՂՀ ճանաչման գործընթացին՝ թեկուզ եւ նահանգային մակարդակով:

Ներկայումս, նման ավադույթներ են ձեւավորվել նաեւ Բրյուսելում, որտեղ Թ. Մարգարյանը 2014թ. օգոստոսից պաշտոնավարում է որպես ՀՀ առաքելության ղեկավար եւ Բելգիայում ՀՀ դեսպան: 2014թ. սեպտեմբերին առաջին անգամ Արցախի անկախության օրը նշվեց նաեւ Եվրոպական Խորհրդարանում ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում ձեռնադրվեց նաեւ ԵԽ-Արցախ բարեկամության խումբը: Արցախ են այցելել Եվրոպական Խորհրդարանի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ֆլանդրիայի եւ Վալոնիայի խորհրդարանների մի քանի պատգամավորական պատվիրակություններ: Կայացել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների այցերը Բրյուսել:

Եվ բոլորովին պատահական չէ, որ ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից անմիջապես հետո Եվրոպական Խորհրդարանի անդամները առանձնակի ակտիվությամբ եւ սկզբունքայնությամբ դատապարտեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: Ապրիլի 12-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստին կայացան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված հատուկ լսումներ, որոնց մասնակցեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Լսումների ընթացքում ելույթ ունեցած ԵԽ անդամներից մեծամասնությունը կոչ էին անում որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու պատասխան եւ հարցի լուծման միջոց ճանաչել ԼՂՀ-ն: