Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սիրիահայ գրող, լրագրող Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի «Ձա՛յն տուր, ծա՛ռ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի բեղմնավոր գրիչը. «Լինելով այսքան երիտասարդ՝ իր չորրորդ գիրքն է հրատարակում: Մարիանան թղթակցում է Սփյուռքի մի շարք թերթերի՝ Բեյրութի «Ազդակ»-ին, Հալեպի «Գանձասար»-ին, Ամերիկայի «Ասպարեզ»-ին: Ինձ համար Մարիանան հերոս է նախ այն բանի համար, որ շարունակում է ապրել Հալեպում, հայոց լեզու  դասավանդել հայ մանուկներին, ապա նաեւ՝ ժամանակ գտնել ստեղծագործելու համար, -նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, - ուրախ եմ, որ Մարիանայի նախորդ՝ «Բողբոջող անմոռուկներ» խորագրով ժողովածուի շնորհանդեսը նույնպես կազմակերպվեց Հայրենիքում եւ մեր նախարարության աջակցությամբ»:

Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած  ներդրումի համար նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանին պարգեւատրեց Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը՝ նշելով, որ տարիներ շարունակ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ լույս տեսնող «Գրական Սփյուռք» տարեգրքում սիրով ընտրվում եւ տպագրվում են նաեւ Մարիանայի բանաստեղծությունները:

Միջոցառմանը ներկա գրականագետներն ու հրատարակչական գործի կազմակերպիչները միաձայն նշեցին, որ Մարիանայի ստեղծագործությունն անթաքույց կապված է արեւմտահայ պոեզիայի հետ:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ հեղինակը: Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը եւ հատկապես նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին՝ իր գրքերի շնորհանդեսները կազմակերպելու, իր ստեղծագործությունները բարձր գնահատելու եւ հայաստանցի հասարակությանը հասցնելու ջանքերի համար:

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ, այո՛, Հայաստանում ապրող իմ հայրենակիցներն են մեր Հայրենիքի պահապանները: Ես էլ մեծ ցանկություն ունեմ ի վերջո վերադառնալ եւ բնակություն հաստատել Հայրենիքում», - նշեց հեղինակը: