Ֆրանսիայում ասիական սփյուռքի ներկայացուցիչները երկրի իշխանություններին կոչ են անում իրենց պաշտպանել բռնությունից, հայտնում է «Ժենմին ժիբաո»-ն:
Փարիզում սեպտեմբերի սկզբին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ընդդեմ «ասիական ռասիզմի»: Ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում չինական ծագումով ձեռնարկատերեր էին, Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել այս տարվա օգոստոսին Փարիզի հյուսիսում գտնվող քաղաքամերձ Օբերվիլյեի չինացի դերձակ 49-ամյա Չժան Չաոլինյի վրա կատարված մահացու հարձակումից հետո: Չժանը մահացել էր չինացի ընկերոջը պաշտպանելիս, որի ձեռքից պայուսակը փորձում էին խլել երեք անհայտ անձինք:
Չժանը, փաստորեն, դարձել է Ֆրանսիայում չինացիների հանդեպ նախատրամադրվածության զոհը: Ակտիվիստների խոսքով՝ Փարիզի մերձակայքում, որտեղ կենտրոնացած է երկրի ասիական ծագմամբ բնակչության մոտ 80 տոկոսը, տարածված է այն կարծիքը, որ չինացիները հարուստ են, վատ են խոսում ֆրանսերեն, եւ այդ պատճառով հարձակման դեպքում անպաշտպան են:
Օբերվիլյեում սա էթնիկ չինացիների վրա առաջին հարձակումը չէ. քաղաքը Եվրոպայում Չինաստանի հետ բիզնեսի խոշորագույն հարթակն է, այստեղ են կենտրոնացած չինական ապրանքների առեւտրի ավելի քան 600 մեծածախ բազաները:
Ֆրանսիայում Չինացիների միավորումների ակտիվիստները նշում են, որ նախկինում հարձակումները պարբերական չէին եւ չէին ուղեկցվում դաժան հաշվեհարդարով: Երբեմն Փարիզում դեպքեր են գրանցվել, երբ հանցագործները պայուսակ են հափշտակել զբոսաշրջիկների ձեռքից: Սակայն Օբերվիլյեում նրանք հետապնդում են մեծածախ շուկաների գնորդներին, քանի որ նրանք միշտ խոշոր չափի կանխիկ գումար են ունենում: Իսկ այժմ Փարիզի հյուսիսային քաղաքամերձ շրջաններում միջինը երեք օրը մեկ հարձակում է կատարվում:
Անցյալ տարի Օբերվիլյեի ոստիկանությունը 35 բողոք է ստացել՝ հարեւանությամբ բնակվող աղքատ թաղամասերի երիտասարդ բնակիչների կողմից բռնության փաստերով: Այս տարվա ամռան վերջին արդեն ստացվել է 105 բողոք:
«Անվտանգություն բոլորի համար» կարգախոսով ընթացած ցույցի մասնակիցները պահանջում են ավելի շատ ոստիկաններ տեղակայել մերձքաղաքային շրջաններում, տեղադրել տեսահսկման լրացուցիչ խցիկներ եւ ոստիկանական բաժանմունքներում թարգմանիչներ տրամադրել, որպեսզի հեշտանա էթնիկ չինացիների եւ Չինաստանի քաղաքացիների ոստիկանությանը դիմելու պրոցեսը:
Իլ-դե-Ֆրանս (Փարիզի շրջան) շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ միջոցառումներ կձեռնարկի շրջաններում անվտանգությունը ուժեղացնելու համար, որտեղ ասիացիները համահավաք են բնակվում, եւ նախատեսում է այդ նպատակի համար ներգրավել Ներքին գործերի նախարարության ուժերին: Սակայն ակցիայի կազմակերպիչները չեն հավատում տեսախցիկների առջեւ արված հայտարարություններին: Նրանք կարծում են, որ ֆրանսիացի քաղաքական գործիչների խոսքը գործողություններից տարբերվում է:





























