Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից այն ենթադրության համար, որ վերջինը ծնվել է ԱՄՆ տարածքից դուրս ու ըստ սահմանադրության՝ չէր կարող նախագահ ընտրվել:

Թրամփը միայն այս շաբաթ է պաշտոնապես ընդունել, որ Օբաման ծնվել է ԱՄՆ տարածքում: Մինչ այդ Թրամփը երկար տարիներ մի ոչ պաշտոնական շարժման առաջնորդներից մեկն էր, որն ապացուցում էր, որ Օբաման ծնվել է ոչ թե Հավայի նահանգում, այլ Քենիայում, որտեղ ծնվել է ապագա նախագահի հայրը: Սպիտակ տունը ի վերջո տեղի էր տվել շարժման պահանջներին՝ տարածելով Օբամայի ծննդյան վկայականի պատճեն: Դա Օբամայի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ավելի քան երկու տարի հետո է եղել:

«Դոնալդի կողմնակիցները լկտիություն ունեն հայտնելու, իբրեւ այդ սուտն առաջ մղելով ծառայություն են մատուցում իրենց երկրին: Ոչ: Ոչ մի նման բան: Նա (Թրամփը) սնում է մեր երկրում գոյություն ունեցող վատագույն մղումներն ու ֆանատիզմը: Բարաք Օբաման ծնվել է Ամերիկայում եւ վերջ: Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի նրանից ու ամերիկացիներից»,- ասել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում աֆրոամերիկյան ծագման կանանց միության առաջ: Ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:

«Հինգ տարի Թրամփը ղեկավարել է այդ շարժումը,որպեսզի լեգիտիմությունից զրկի մեր առաջին սեւամորթ նախագահին: Նրա նախընտրական քարոզչությունը հիմնված է եղել այդ վրդովեցուցիչ ստի վրա: Դա չի կարելի ջնջել պատմությունից»,- ասել է Քլինթոնը: «Հենց երեկ Թրամփը նորից հրաժարվեց սեփական բառերով ասել, որ նախագահը ծնվել է ԱՄՆ-ում»,- հավելել է Քլինթոնը՝ նկատի ունենալով, որ Թրամփը ոչ թե անձամբ է ընդունել Օբամայի՝ ԱՄՆ-ում ծնված լինելու փաստը, այլ իր մամուլի քարտուղարի միջոցով: