ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 16-ին մեկնաբանել է իր հավանական ծննդավայրի մասին հերթական հայտարարությունները, որոնք արել են ԱՄՆ գործող նախագահի քաղաքական հակառակորդները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ ԱՄՆ Սահմանադրության՝ երկրի նախագահ կարող է դառնալ «ծնունդով ամերիկացին»: Օբամայի ընդդիմախոսները դեռ 2008-ին էին կասկածի տակ դրել պետության նախագահ ընտրվելու՝ նրա իրավունքը, քանի որ վստահեցնում էին, որ նա ոչ թե Հավայիում է ծնվել, այլ Քենիայում

«Ես ցնցված եմ, որ այս հարցը ծագել է այն ժամանակ, երբ մենք այնքան ուրիշ անելիքներ ունենք: Չնայած ես այդքան էլ ցնցված չեմ՝ դա բավականին բնորոշ է մարդկանց: Մենք ուրիշ գործեր էլ ունենք որոնց ուշադրություն ենք դարձնում»,- հայտնել է Օբաման լրագրողներին Սպիտակ տանը առեւտրի հարցերին նվիրված հանդիպումից առաջ:

«Ես միանգամայն վստահ եմ, թե որտեղ եմ ծնվել, ինչպես, կարծում եմ, մարդկանց մեծ մասն է վստահ: Հույս ունեմ, որ նախագահական ընտրությունները ավելի լուրջ հարցեր կարտացոլեն, քան սա է»,- հավելել է պետության ղեկավարը:

Օբաման իր այս մեկնաբանություններով արձագանքել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի արտահայտություններին, որն օրերս նորից անդրադարձել էր գործող նախագահի ենթադրյալ ծննդավայրի թեմային: Ավելի վաղ Washington Post թերթին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել էր ճշգրտել, արդյոք ինքը կարծում է, որ Օբաման Հավայի նահանգում է ծնվել: Մինչդեռ Թրամփի ընկերության ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը սեպտեմբերի 15-ին հայտնել էր, որ Թրամփը Օբամայի ծննդյան վկայականը տեսնելուց հետո համարում է, որ նա ԱՄՆ տարածքում է ծնվել:

Թրամփը երկար տարիներ մի ոչ պաշտոնական շարժման առաջնորդներից մեկն էր, որն ապացուցում էր, որ Օբաման ծնվել է ոչ թե Հավայի նահանգում, այլ Քենիայում, որտեղ ծնվել է ապագա նախագահի հայրը: Սպիտակ տունը ի վերջո տեղի էր տվել շարժման պահանջներին՝ տարածելով Օբամայի ծննդյան վկայականի պատճեն: Դա Օբամայի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ավելի քան երկու տարի հետո է եղել: